Բաժիններ՝

Facebook Inc.-ը փոխել է լոգոտիպը, որպեսզի ընկերությունը չշփոթեն սոցցանցի հետ

Facebook Inc. ընկերությունը փոխել է իր լոգոտիպը, որպեսզի իրեն չշփոթեն համանուն սոցիալական ցանցի հետ: Այս մասին ասված է մարկետինգի գծով Facebook-ի տնօրեն Անտոնիո Լյուչիոյի հայտարարության մեջ։

Դրանում նշվում է, որ Facebook-ն սկսել է գործել որպես մեկ ծառայություն՝ սոցցանց, բայց այժմ ընկերությունն օգտատերերին առաջարկում է արտադրանքի մի ամբողջ հավաքածու՝ Facebook Messenger-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Oculus-ը, Workplace-ը, Portal-ը եւ Calibra-ն:

«Այսօր մենք նորացնում ենք մեր ֆիրմային նշանը, որպեսզի պարզ լինի, թե ինչ արտադրանք է առաջարկում Facebook-ը: Մենք ներկայացնում ենք ընկերության նոր լոգոտիպը եւ էլ ավելի ենք Facebook ընկերությունն առանձնացնում Facebook հավելվածից, որը կպահպանի իր սեփական բրենդը»,-նշվում է հայտարարության մեջ: Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը սոցցանցի իր էջում նշել է, որ շատ մարդիկ չգիտեն, թե ում են պատկանում Instagram-ը, WhatsApp-ը եւ ընկերության մյուս արտադրանքները: Նոր լոգոտիպը կոչված էլուծելու այդ խնդիրը:

Facebook ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու ժամանակաշրջանում: Համանուն սոցցանցն առաջատարներից մեկն է աշխարհում:

Վերջին գնահատումների համաձայն, նրա միագումար ամսական լսարանը գերազանցում է 2,4 մլրդ օգտատերը: Ինչպես հայտարարել են ընկերությունում, աշխարհում ավելի քան 2,7 մլրդ մարդ ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ օգտագործում է նրա ծառայություններից որեւէ մեկը: Այդ ցուցակում ներառված են Facebook եւ Instagram սոցցանցերը, ինչպես նաեւ WhatsApp եւ Messenger հավելվածները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս