
«Վայոց ձորի ծեծկռտուքի գործն իմ ուզած հունով չի կարող գնալ». Վայոց ձորի նորանշանակ մարզպետ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նշանակման օրը հայտնի դարձավ, որ նա իր նախորդի՝ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանն է, որը մեղադրվում է Վայոց ձորում ՊՆ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծեծելու համար: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան, ինչի արդյունքում սպան մինչ օրս կոմայի մեջ է: Չնայած այս ամենին, Արարատ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ մարզում իր նշանակման հետ կապված խնդիրներ չեն եղել:
«Որևէ մեկն ինձ որևէ բան չի ասել, չեմ կարծում, որ պետք է խնդիր լինի, համենայն դեպս, փաստաբանի իմ գործունեության հետ կապված որևէ խնդիր չեմ ունեցել, չեմ էլ պատկերացնում, որ կունենամ, դա իրավապաշտպան գործունեություն է, փաստաբանական գործունեությունն ուղղված է օրենքի, իրավակարգի ամրապնդմանը: Բոլորիս շահերից է բխում, որ բացահայտվի այն, ինչ օբյեկտիվ իրականության մեջ տեղի է ունեցել»,- ասաց Վայց ձորի նորանշանակ մարզպետը:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Արա Մխիթարյանի ընտանիքի հետ մշտական կապի մեջ գտնվող պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանը մտավախություն էր հայտնել, որ մարզպետը կարող է իր լիազորությունները ծառայեցնել սպային ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն իր ուզած հունով տանելու համար: Արարատ Գրիգորյանը վստահեցնում է՝ մտավախություններն անհիմն են:
«Երբևէ իմ գործունեության ընթացքում օրենքից դուրս որևէ բան չեմ արել, ինչ արել եմ, եղել է օրենքի սահմանում, ես հավաստիացնում եմ Ձեզ, կարող եք փոխանցել նաև վերջիններին, որ իմ հետագա գործունեությունը ևս սահմանափակվելու է օրենքի տառով: Գործը քննվում է Երևանում, Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում, դա նախ՝ իրավական առումով դուրս է իմ լիազորություններից, և երկրորդ՝ գործի շրջանակներում ես՝ որպես փաստաբան, արդեն ավարտել եմ իմ գործունեությունը, որպես մարզպետ՝ գործն իմ ուզածով չի կարող գնալ, գործը գնալու է օրենքով սահմանված կարգով, օրենքի շրջանակներում, մտավախությունն անհիմն է»,- ասաց Արարատ Գրիգորյանը:
Անցած հինգշաբթի Կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզպետ նշանակված փաստաբան Արարատ Գրիգորյանը նույն օրը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ փաստաբանի իր արտոնագիրը շուտով կկասեցվի: Ըստ Փաստաբանության մասին օրենքի՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանն ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով (հոդված 38):
Այսօր Փաստաբանների պալատի կայք-էջում տեսանք, որ Վայոց ձորի նորանշանակ մարզպետի արտոնագիրը դեռ գործում է: 168.am-ի հետ զրույցում Արարատ Գրիգորյանը հայտնեց, որ իր փաստաբանական լիազորություններից հրաժարվելու դիմումը ներկայացնելու է նոյեմբերի 5-ին:
«Պատրաստվում եմ վաղը դիմում ներկայացնել Փաստաբանների պալատ արտոնագրի կասեցման վերաբերյալ: Ընթացակարգը լինում է հետևյալ կերպ՝ կա՛մ փաստաբանի նախաձեռնությամբ, կա՛մ խորհուրդ է հրավիրվում և կասեցվում է, բայց չեմ թողնի հասնի դրան: Աշխատանքային ծանրաբեռնվածությունս այնպիսին է, որ դեռևս մարզում եմ, Երևան չեմ եկել, բայց վաղը գալու եմ ու համապատասխան դիմում ներկայացնեմ»,- ասաց Արարատ Գրիգորյանը:
Փաստաբանի լիազորությունները կասեցվում են նրա՝ դիմում ներկայացնելուց հետո Փաստաբանների պալատի խորհրդի առաջիկա նիստում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ