«Այս տհասները պետք է հասկանան, որ խորհրդարանում մեծամասնություն լինելը չէ, որ իրենց պետք է փրկի». Պարույր Հայրիկյան
«Մանր ու մեծ խնդիրները մշտապես բոլոր պետություններում կան, լինում են նաև սխալներ, և մեզ մոտ անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, որը ոմանք թյուրիմացաբար հեղափոխություն են կոչում, որոշակի դրական տրամադրվածություն ասպարեզ իջավ, դա մերժել չենք կարող, նաև առարկայական որոշ դրական փոփոխություններ տեղի ունեցան, բայց մարտավարական նշանակությունից վեր չբարձրացան: Անցյալ օրը սարսափով նկատեցի, որ համաշխարհային հանրությունը, որի մասը մենք ենք կազմում, և որի տեսակետը՝ որպես անաչառ, չեզոք կառույց, մեզ շատ պետք է հետաքրքրեր, բացասական կարծիքի էր մեր մասին, որոշ դեպքերում՝ ծիծաղելի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարի ժամանակ վարողը ԱԳ նախարարին ասաց՝ ձեր վարչապետը հայտարարել էր, որ կոռուպցիան արդեն վերացրել եք Հայաստանում,հետո հայտարարում է, որ 2021 թվականին պետք է հանձնաժողով ստեղծվի, բայց եթե վերացրել եք՝ ինչո՞ւ է ստեղծվում: Եվ այսպիսի բազմաթիվ ծիծաղելի պահեր՝ միջազգային հանրության տեսանկյունից: Հարց եղավ նաև ԵԱՏՄ-ի մասին. ուզում եք օգտվել Արևմուտքի հարստությունից՝ մնալով աղքատ բռնապետների միջավայրում, և այլն»,- հավելեց նա:
ԱԻՄ առաջնորդը խոսեց նաև նախարարների, փոխնախարարների բարձրացված աշխատավարձերի մասին:
«Ես դա բնութագրել եմ՝ որպես գողություն: Եթե որևէ բան արվում է գաղտնի՝ կապված ուրիշի գումարների հետ, դա գողություն է: Այն գումարը, որն այսօր կառավարության ենթակայության ներքո է, դա պետական բյուջեով հաստատված գումար է: Պետական բյուջեն հրապարակային փաստաթուղթ է, գումարը քաղաքացիներն են տվել, և դու պարտավորված ես այդ բնույթի հարցեր լուծելիս՝ նախապես ցուցակ ներկայացնել: Ամեն նախարար, ում աշխատավարձը ներքին կարգով բարձրացնում էին, պետք է ասեր՝ ի՞նչ իրավունքով սա վերցնեմ, իմ հարևաններն աղքատության մեջ են: Իսկ իրավական տեսանկյունից սա գողություն էր՝ հրապարակայնորեն խոստովանված: Եթե ունենայինք բացարձակ ժողովրդավարության սկզբունքով ձևավորված խորհրդարան, որևէ քաղաքական ուժ չէր կարողանա 30 տոկոսից ավելի ձայներ ունենալ, բոլորը կլինեին զգուշավոր: Այս տհասները պետք է հասկանան, որ խորհրդարանում մեծամասնություն լինելը չէ, որ իրենց պետք է փրկի, այլ ճշմարիտ, արդարացի գործերը: ԱԺ-ում մեծամասնություն ունենալը չփրկեց ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ ՀՀՇ-ին»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը:
Անի Կարապետյան