Դատական համակարգում տարօրինակ կերպով համակարգիչները շատ «հնազանդ ու հասկացող են»
Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը բավարարել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունն ու ինքնաբացարկ է հայտնել նրա բողոքի գործով:
Դատավոր Աննա Մաթևոսյանին էր մակագրվել Դավիթ Գրիգորյանի հաղորդման հիման վրա՝ ԱԱԾ քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքի քննությունը: Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել իր աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելիս քննիչի կողմից առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող գործողություններ կատարելու փաստի առթիվ, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր:
168.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ այդ որոշման դեմ բողոքն էր, որ իրենց համար տարօրինակ կերպով մակագրվել էր այն նույն դատավորին, որը և թույլատրել էր խուզարկություն իրականացնել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:
«Մեր կարծիքով՝ այդ խուզարկությունը թույլ տալն ակնհայտ անհիմն ու ապօրինի որոշում էր, որը բեկանվեց Վերաքննիչ դատարանի կողմից: Մենք դատարանին ներկայացրինք մեր փաստարկները, որ միայն այն հանգամանքը, որ առգրավումն ավարտելուց հետք քննիչը կնքել էր դատավորի աշխատասենյակն ու գնացել էր դատարան՝ խուզարկության թույլտվություն ստանալու, ու խուզարկություն թույլ տալու որոշումը կայացվել է հենց դատավոր Աննա Մաթևոսյանի կողմից, ինքնին ենթադրում է, որ դատավորի կողմից արդեն իսկ որպես օրինական են գնահատվել քննիչի գործողություններն առգրավման ընթացքում, ինչն էլ հենց մենք վիճարկում ենք այս բողոքով»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Վերջինս նկատում է, որ, բացի այդ, Դավիթ Գրիգորյանը Աննա Մաթևոսյանի կողմից խուզարկությունը թույլատրելու պահին եղել է փաստացի մեղադրյալի կարգավիճակում, քանի որ իր վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին որոշումը պարունակում է այնպիսի ձևակերպումներ, որոնք միանգամից Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման սկիզբ են ենթադրում:
«Սակայն խուզարկության թույլտվություն տալու պահին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անհրաժեշտ համաձայնությունը չի եղել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, ինչպիսի պայմաններում, այնուամենայնիվ, դատավոր Աննա Մաթևոսյանը որոշում էր կայացրել թույլ տալ՝ խուզարկելու դատավորի աշխատասենյակը: Եվ այս հանգամանքները մենք ներկայացրինք ինքնաբացարկի միջնորդության մեջ»,- հիշեցրեց Դավիթ Գրիգորյանի պաշտպանը:
Երվանդ Վարոսյանը նշեց, որ ներկայացրել են այն, որ իրենց համար զարմանալի է, որ, չգիտես ինչու՝ տարօրինակ կերպով համակարգիչը կրկին նույն դատավորին էր մակագրել Դավիթ Գրիգորյանի գործին առնչվող հարցի քննությունը:
«Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը: Սպասենք զարգացումներին, տեսնենք՝ ինչ ընտրություն կկատարի մեր համակարգիչը, և ով է լինելու բողոքը քննող դատավորը»,- եզրափակեց պաշտպանը:
Ի դեպ, դատական համակարգում տարօրինակ կերպով համակարգիչները շատ «հնազանդ ու հասկացող են». Անմիջապես, անհասկանալի զուգադիպությամբ՝ բողոքարկվող հարցերի քննությունը համակարգիչը «հանձնարարում է» այն դատավորներին, ովքեր նախկինում տրամագծորեն հակառակ որոշում են կայացրել նույն հարցով:
Այսպես, 168.am-ի հետ զրույցում Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշել էր, որ ինքը Կարեն Խաչատրյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, ուր աշխատում են քրեական մասնագիտացմամբ բազմաթիվ դատավորներ:
«Ու «բախտի բերմամբ, թե պատահմամբ» իմ միջնորդության քննարկումը հանձնարարում է այն նույն դատավորին, ով ս/թ օգոստոսի 30-ին գտել էր, որ Կարեն Խաչատրյանի նկատմամբ գրավը կիրառելի չէ, կան կալանքի տակ պահելու հիմքեր ու պայմաններ: Տարակուսած ենք դատարանի այս գործողություններից: Ի՞նչ է նշանակում սա…»,- ասել էր Ամրամ Մակինյանը:
Խոսքը դատավոր Ռոբերտ Պապոյանի մասին է:
Եվ սրանք եզակի դեպքեր չեն:
Գոհար Սավզյան