Բաժիններ՝

«Շատ հուզիչ է տեսնել այսքան փոքր երկիր՝ այդքան մեծ երազանքներով». Մեթյու Հաթսոն

«Արհեստական բանականությունը մի շարք մարտահրավերներ է ստեղծում մարդկանց համար: Այն մեզ ուղղորդում է, ստիպում ավելի շատ վստահել տեխնոլոգիական ալգորիթմներին, քան ինքներս մեզ կամ դիմացինին: Հենց դրա պատճառով է, որ մարդիկ անհանգստանում են իրենց գոյության ռիսկի ու ռոբոտների մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրող, ազատ թղթակից Մեթյու Հաթսոնը:

Նա կարծում է, որ շատ դժվար է կանխազգալ, թե տարիներ հետո ինչպես արհեստական բանականության ստեղծած ռոբոտները կկատարեն իրենց առջև դրված խնդիրները: Շատ մարդկանց նման, Հաթսոնին ևս մի քիչ վախեցնում է արհեստական բանականությունը:

«Բայց գիտեմ նաև, որ այն մի շարք առավելություններ ու հնարավորություններ ունի: Արհեստական բանականությունը կյանքը բարելավելու համար մի շարք հնարավորություններ է տալիս: Այն բարելավել է առողջապահության, երթևեկության, անգամ զվարճանքների ձևերը, այն խաղերը դարձնում է ավելի հետաքրքիր»,- ասաց Մեթյու Հաթսոնը: Նա Գլոբալ ինովացիոն ֆորում 2019-ին խոսում էր խելացի քաղաքների հնարավորությունների մասին:

«Խելացի քաղաքներն այն քաղաքներն են, որտեղ շատ են ծառայությունները, կառույցները, մարդկանց գործելաոճը կարգավորող տեխնոլոգիաները: Խելացի քաղաքներում ծառայությունները կարող են լինել տեսախցիկների կամ չիպերի միջոցով: Դա կարող է աշխատել նաև ջրի, օդի կամ էլեկտրականության օգտագործմամբ: Խելացի քաղաքներում, օրինակ, տեխնոլոգիան կարող է ազդել երթևեկության վրա, կարգավորել այն»,- ասաց Հաթսոնը: Նա վստահ է, որ տեխնոլոգիաների միջոցով անգամ կարելի է ստեղծել այնպիսի խելացի քաղաքներ, որտեղ չեն լինի խցանումներ: Նման գաղափարների մասին էլ հոդվածեր է գրում Հաթսոնը:

Կարդացեք նաև

«Ես հիմնականում գրում եմ երկու ոլորտների՝ հոգեբանության ու արհեստական բանականության մասին: Գրում եմ ամսագրերի, թերթերի ու ինտերնետային կայքերի համար: Որևէ տեղ մշտական աշխատակից չեմ, ազատ թղթակից եմ, ու դա հիանալի է: Ես կարողանում եմ գրել այն ամենի մասին, ինչ ինձ է հետաքրքրում: Հույս ունեմ՝ խմբագիրները ևս հավանում են իմ գրածները»,- 168.am-ի հետ զրույցում իր աշխատանքի մասին պատմեց Հաթսոնը:

Գլոբալ ինովացիոն ֆորում 2019-ը Մեթյու Հաթսոնին հնարավորություն է տվել այցելել Հայաստան ու հանդիպել, իր խոսքով, մեծ մարդկանց:

«Շատ հուզիչ է տեսնել այսքան փոքր երկիր՝ այդքան մեծ երազանքներով: Մի երկիր, որը որոշել է հաջորդ մեկ-երկու տասնամյակում հայտնվել ինովացիոն երկրների լավագույն տասնյակում: Դա իսկապես մեծ նպատակ է: Շատ հուզիչ է տեսնել մարդկանց, ովքեր մտածում են ու հնարավոր լուծումներ են գտնում դրան հասնելու համար»,- ասաց Հաթսոնը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս