«Արհեստական բանականության ազդեցությունը կարող է վատը լինել, եթե այն հայտնվի սխալ ձեռքերում». Միշել Վալկո
Գիտնական, ակադեմիկոս, դասախոս, Փարիզի DeepMind ընկերության աշխատակից Միշել Վալկոն հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացվող «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ի ժամանակ ներկայացրեց աշխարհի նոր «ոսկին»:
Ըստ նրա՝ դրանք գրաֆիկական պատկերներն են, ու հենց դրանց միջոցով է հնարավոր արագացնել առցանց ուսուցումն ու որոշումների կայացումը:
«Ինովացիան իմ ամենօրյա կյանքն է: Դա այն է, երբ փորձում եմ անել մի բան, որը երբևէ չեմ արել: Մենք ունենք գործիքներ, որ ամեն օր ենք օգտագործում, բայց երբեմն էլ փորձում ենք նոր գործիքներ ստեղծել, նույն գործողությունը փորձում ենք անել այլ կերպ: Մենք փորձում ենք հաղորդակցության այլ մեխանիզմներ ստեղծել: Մենք ստեղծում ենք ու հաղթահարում ենք մարտահրավերներ: Մենք փորձարկումներ, նոր փորձեր ենք անում: Դրանցից շատերը՝ 95 տոկոսը, ձախողվում են: Դուք կամ մենք այդ ձախողումների մասին երբեմն չենք էլ լսում, ոչ ոք դրանց մասին չի մտածում կամ չի անհանգստանում դրանցով: Բայց նաև այդ ձախողումները մեզ օգնում են տեսնել այն ուղին, որով չպետք է գնանք, և օգնում են կենտրոնանալ ճիշտ ճամփաների վրա: Նորարարությունն ինքդ քեզ հարցեր տալու ու դրանց պատասխանելու, ամեն ինչ ավելի լավ անելու ուղին է: Ու ես ուզում եմ, որ ամեն ինչ ավելի լավը դարձնելով չզբաղվեն միայն գիտականները կամ ՏՏ ոլորտի մարդիկ: Ուզում եմ, որ դա յուրաքանչյուրիս առօրյա գործը լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասեց Վալկոն:
Միշել Վալկոն աշխատում է մի ընկերությունում, որտեղ մշակում են Արհեստական բանականությունն ապահով դարձնելու ուղղություններ:
Հենց դրա համար է զարմանում, երբ նկատում է, թե մարդիկ ինչքան շատ են վախենում Արհեստական բանականությունից:
«Մարդիկ վախենում են Արհեստական բանականությունից, որովհետև ստեղծված յուրաքանչյուր գործիք ավելի ուժեղ է, ու ամեն ավելի հզոր բան մարդկանց վախեցնում է: Տեսեք, օրինակ, կրակը: Դուք կարող եք այն լավ ձևով օգտագործել ու նաև օգտագործել վատ նպատակներով: Արհեստական բանականությունն ազդում է մեզ վրա: Հենց դրա պատճառով է, որ Արհեստական բանականությունը մարդկանց մոտ վախ է առաջացնում: Մարդիկ մտածում են, որ դա կարող է նաև իրենց վրա բացասական ազդեցություն ունենալ: Ու մեր պարտքն է՝ վստահեցնել մարդկանց, որ Արհեստական բանականությունը բացասական ազդեցություն կամ բացասական հետևանքներ չի կարող ունենալ: Վախ է առաջացնում, որովհետև դա, իրոք, ազդեցություններ ունի: Բայց ամեն ինչ ունի ինչ-որ ազդեցություն, ու այդ ազդեցությունը կարող է վատը լինել, եթե այն ճիշտ ձևով չօգտագործես, կամ, եթե այն հայտնվի սխալ ձեռքերում»,- նկատեց Վալկոն:
Նրա խոսքով՝ այսօր էլ մարդիկ օգտագործում են Արհեստական բանականությունը, այն մարդկանց ամենօրյա կյանքի մի մասն է: Արհեստական բանականությունը հասել է բժշկություն ու գիտություն:
«Ես կարծում եմ՝ սրանք կօգնեն մարդկանց հասկանալ, որ Արհեստական բանականությունը շատ օգտակար է, ու այն մեր կյանքն ավելի լավն է դարձնում»,- ավելացրեց Վալկոն:
Միշել Վալկոն առաջին անգամ է Հայաստանում: Կամուրջը եղել են այստեղ աշխատող նրա հայ գործընկերները. «Գլոբալ ինովացիոն ֆորումի» ընթացքում շատ տաղանդավոր հայերի է հանդիպել:
«Գուցե Հայաստանն աշխարհի համար այս պահից չսկսի փայլել, բայց Հայաստանը փայլելու մեծ պոտենցիալ ունի»,- հաստատեց Վալկոն:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ