«ՀՀ գյուղատնտեսությունն ունի շատ լավ հեռանկարներ, եթե ճիշտ մոտեցում ցուցաբերվի». Հարություն Մնացականյան
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակներում ֆերմեր Հարություն Մնացականյանի հետ քննարկել ենք գյուղոլորտում առկա խնդիրները և առաջնահերթությունները:
«Ազոտական պարարտանյութի ներմուծումը մի քանի անգամ ավելի է, քան մնացած պարարտանյութերինը, իսկ անընդհատ ազոտական պարարտանյութով հարստացնելու դեպքում հողը սկսում է դեգրադացվել, ինչն արդեն անդրադարձել է մեր այսօրվա կարտոֆիլի արտադրության վրա: Մենք, երկրորդ տարին է՝ կարտոֆիլի լուրջ դեֆիցիտ ենք ունենում, որովհետև կարտոֆիլի բերքատվությունն ընկել է»,- ասաց նա:
Ըստ Մնացականյանի` ֆերմերների մի մասը չարաշահում է ազոտական պարարտանյութը. «Երբեմն կարտոֆիլի մեջ ազոտի նորման մոտ 10-15 անգամ գերազանցում է: Այդ վիճակը շտկելու համար պետք է ինտերակտիվություն մտցնել գյուղացի և համապատասխան կառույցներ աշխատանքի մեջ»:
Ֆերմերի խոսքով՝ ոռոգման ժամանակ ջրի կորուստը մոտ 70 տոկոս է լինում, քանի որ ջուրը հոսում է անբարեկարգ առվակներով. «Սա խայտառակություն է: Ամբողջ Հայաստանի ոռոգման համակարգը պետք է բարելավվի: Բոլոր ջրանցքները, առուները պետք է բարեկարգվեն: Մենք ինչքան ջուր օգտագործում ենք, կարող ենք դրանից երեք անգամ քիչ ջուր օգտագործել: Բոլոր նորմալ հողերը, այգիները պետք է անցնեն կաթիլային ոռոգման: Մենք ունենք անսահմանափակ ջրային ռեսուրս, բայց վատնում ենք: Պետք է այնպես կազմակերպել, որ ջրամբարներից մինչև հող հասցնելը՝ կորուստը հասցվի մինիմումի»:
Հայաստանում, ըստ նրա՝ սելեկցիոն կայանները նորմալ չեն աշխատում, ինչի հետևանքով այս տարի, օրինակ՝ մոտ 200 տոննա ցորենի և գարու սերմ էր մնացել, փչացել, և պետությունը հանեց աճուրդի.
«Ես կողմ կլինեմ, որ պետությունը սկսի լիցենզավորել տնկարանները: Այգեգործությունը Հայաստանում մեծ թափով սկսում է զարգանալ, բայց երբ առնում են տեղական տնկարաններից, լուրջ խնդիրներ են ունենում. տնկիները վարակված են լինում տարբեր հիվանդություններով, որոնք նորմալ բերք չեն տալիս, ու տնտեսվարողը լուրջ խնդիրների առաջ է կանգնում: Հայաստանում կարող են նորմալ տնկիներ արտադրել, երաշխիքով տրամադրել տնտեսվարողներին և ըստ այդմ՝ նորմալ արդյունք ստանալ»:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության այն ուղղություններին, որոնց դեպքում ֆերմերը հաջողություն կգրանցի, նա առանձնացրեց՝ տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, մորու արտադրությունը, ընկույզի արտադրությունը և այլն.
«Եթե մեծ քանակությամբ ընկույզ արտադրենք, իրացման խնդիր չենք ունենա, բեռնափոխադրման խնդիր էլ չենք ունենա, որովհետև տեսեք՝ Լարսը 10 օրով փակվում է, պտուղ-բանջարեղենը փչանում է, իսկ ընկույզը չի փչանում: Ընկույզի համար հատուկ պահպանման պայմաններ պետք չեն, հնարավոր է կոնտեյներով Եվրոպա կամ Մերձավոր Արևելք արտահանել: Մեզ մոտ տուրիզմը զարգանում է շատ արագ, իսկ տուրիզմի բաղադրիչը գաստրոտուրիզմն է, մեզ պետք է մեր սննդացանկի մեջ բազմազանություն մտցնել. այս առումով կարող ենք տարբեր բուսատեսակներ աճեցնել: Գաստրոտուրիզմի զարգանալով՝ անուղղակիորեն կզարգանա գյուղատնտեսությունը»:
Նա ընդգծեց՝ Հայաստանը կարող է դառնալ գյուղատնտեսական տեխնոլոգիա արտահանող երկիր.
«Վերջերս Կարեն Վարդանյանի հետ էի խոսում, ասաց, որ «ԱրՄաթում» ունենք 5 հազար երեխա, որոնք կարող են ջերմատնային տնտեսությունների կաթիլային համակարգն ավտոմատացնել: Ասաց, որ ուսումնասիրություն են արել, և երեխաները հիմնականում մտածում են այն ուղղությամբ, ինչի խնդիրն իրենց ծնողն ունեցել է: Մենք ունենք օրինակ, երբ ֆերմերը ջերմատնային տնտեսություն էր հավաքել՝ ինտերնետից ու սեփական փորձից ելնելով, և հունվար ամսին լոլիկի ինքնարժեքն իջեցրել 90-100 դրամի: Այդ տեխնոլոգիան պետք է մշակել: Մեր կենսաբանության ինստիտուտը կարողանում է միջատների միջոցով վերացնել վնասատու միջատները:
Այնպիսի տեխնոլոգիաներ ու մոտեցումներ կան, որ Հայաստանը կարող է դառնալ թե՛ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում թելադրող, ուղղակի ճիշտ կազմակերպել, ճիշտ ուղղորդել է պետք: Ես ասել եմ՝ մեր գյուղատնտեսության ոլորտը փազլային վիճակում է. կարելի է տարբեր կտորներ հավաքել և դարձնել ամբողջական պատկեր»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում