Լիկբեզ իշխող ուժի ներսում՝ հանուն կարգապահության ու մանդատը չկորցնելու

Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկի օրերին օրենսդիր մարմնի իշխող ուժի ներկայացուցիչների նեղ շրջանակում լիկբեզ է անցկացվել:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) վարչության երկու անդամներ երիտպատգամավորներին վերստին հիշեցրել են իրենց օրենսդրի պարտականություների մասին, և ոմանց տրվել են, այսպես ասած՝ վարքականոնների որոշակի դասեր՝ հիշելու, որ օդում լինեն, թե ջրում՝ բոլորը պարտավոր են մի մարդու պես հետևել թիմ լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններին:

Հանձնարարվել է նաև վարչապետի ուղերձները մեկնաբանելուց առաջ չշրջանցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, ավելորդ ակտիվություն չդրսևորել ցանկացած լրագրողի միացրած ձայնագրիչի, տեսախցիկի առաջ, որպեսզի քաղաքական հակառակորդ թիմին ամեն ելույթի առիթով հրճվանք չպարգևեն, որ իրար հակասող տեսակետներից հետո հները ՔՊ-ի պառակտման մասին չխոսեն:

Ասում են՝ ամենադաժան դասն այդ օրվա համար տրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Վարչապետը նրան մեղադրել է խորհրդարանի ներսում իրավիճակին չտիրապետելու, խմբակցության հետ պարբերաբար չաշխատելու, աշխատանքները պատշաճ չկազմակերպելու մեջ: Հատուկ ընդգծվել է, որ խորհրդարանական ամբիոնից վերև նստածների կուրացիայի վրա Մակունցը հույս չդնի:

Ի դեպ, այս կոչը Մակունցին ուղվել է, հավանաբար, այն բանի համար, որ Ամուլսարի շահագործման շուրջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թիմի ներսում լրիվ հակառակ տեսակետն է իրականում պաշտպանել, և այս մասին Փաշինյանը տեղեկացել էր անակնկալ ձևով:

Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ Ամուլսարի շահագործման դեմ ընդվզումների ամենաթեժ օրերին, երբ իշխող ուժի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր Ծաղկաձորում ներկուսակցական հանդիպում անցկացնել՝ օրակարգային հարցերի շուրջ ընդհանուր տեսակետ ձևավորելու համար, հանկարծ թիմակիցներից մեկից տեղեկանում է, որ Արարատ Միրզոյանը չսպասելով կուսակցության ղեկավարի տեսակետին՝ արձակուրդից վերադառնալուց հետո արդեն իսկ հանդիպած է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, այսպես կոչված՝ «Սորոս»-ական թևին և առանց վարանելու հայտնել, որ ինքն անձամբ դեմ է հանքի շահագործման գաղափարին: Թիմակիցների խոսքով՝ այս տհաճ անակնկալն իրականում լուրջ նստվածք է թողել Փաշինյանի մոտ: Խոսվում է ընդհուպ լարված հարաբերությունների մասին, ասում են՝ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների միջև տևական ժամանակ ուղիղ կոնտակտ պարզապես չկար, շփվում էին միջնորդավորված՝ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հեռախոսից գնացող զանգերի միջոցով:

Ավելին, Արցախի անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու համար, ասում են, խորհրդարանի ղեկավարն իր հետ մեկնող պատվիրակության մասնակցության համար «դաբրոն» կառավարության ղեկավարից գրավոր է ստացել:

Մի ուշագրավ տեղեկություն ևս. հիշատակվող աշխատակարգային «ռեստարտ- ժողովից» հետո խմբակցության ներսում գրեթե բոլոր թիմակիցներին «Իմ քայլական» երկու լիդերներ ակնարկել են զգուշանալ լրագրողներից, չտրվել սադրանքներին և որևէ դեպքում չմեկնաբանել Փաշինյանի ընտանիքին վերաբերող որևէ հարցադրում՝ լինի դա Մարիամ Փաշինյանի հերթական ֆեյսբուքյան գրառման մասին, զինծառայող որդու և հատկապես տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գործունեության և հայտարարություների մասին… Եվ սա ընդունվել է Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ։

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս