«Մենք ուզում ենք տեսնել հզոր, զարգացող Հայաստա՞ն, թե՞ շարունակելու ենք գոյատևել». Վարդան Ոսկանյան

Հոկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը:

«168 TV»«Ռեվյու» հաղորդման ընթացքում իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ասաց, որ այդ համաձայնագիրը Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ է բացում՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ԵՏՄ-Իրան բանակցային փուլում Հայաստանը ստանձնել էր այդ գործընթացի շոգեքարշի դերակատարությունը:

«Այդ համաձայնագիրը մասնակիորեն բացում է նաև իրանական շուկաները Հայաստանի առջև, և այս համատեքստում մենք կարող ենք ոչ միայն որպես Հայաստան հանդես գալ՝ Իրանի հետ հարաբերությունների ողջ բազմազանության մեջ, այլ նաև՝ որպես ԵՏՄ դեսպան, ինչը մեր երկրին կբերի ոչ միայն տնտեսական օգուտներ, այլև քաղաքական իմաստով չափազանց շահավետ է: Ինչ վերաբերում է շոշափելի արդյունքներին, ապա դրանք կախված են բացառապես մեզանից»,- ասաց իրանագետը՝ ընդգծելով՝ հայկական կողմը պետք է կարողանա Հայաստանը դարձնել հարթակ՝ Իրանի համար դեպի ԵՏՄ մուտք ապահովելու առումով, ինչը, ըստ նրա՝ ուղղակիորեն առնչվում է Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկմանը:

Դիտարկմանը՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու հողերի հետ կապված խնդիրների պատճառով այն այսօր չի գործում, իրանագետն արձագանքեց. «Հնարավորինս պետք է արագ այդ խնդիրները լուծվեն, որովհետև ունենալ նման հնարավորություն և չօգտագործել՝ Հայաստանի նման պետության համար չափազանց մեծ և աններելի շռայլություն է: Հետևաբար՝ պետք է հնարավորինս կարճ ժամանակներում հաղթահարենք առկա խոչընդոտներն ու, ի վերջո, այդ գոտին սկսենք աշխատեցնել»:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ իրանցիները մեծ հույսեր են կապում Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկման հետ. «Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Արաքսի մյուս ափին՝ իրանական տարածքում ևս մենք ունենք ազատ տնտեսական գոտի, ապա այդ երկու գոտիների համագործակցությունը կարող է չափազանց մեծ արդյունավետություն ապահովել, հատկապես, եթե հաշվի առնենք դրա ոչ միայն տնտեսական բաղադրիչը, այլ նաև աշխարհաքաղաքական հանգամանքը»:

Ոսկանյանի խոսքով՝ ադրբեջանական ձեռներեցները բավականին ակտիվ դերակատարություն են ստանձնում Արաքսի ազատ տնտեսական գոտում՝ իրանական կողմում. «Իրան-Հայաստան կապն իրականացվում է հենց այս տարածքի միջոցով, և ադրբեջանական ակտիվությունը Արաքսի ազատ տնտեսական գոտու իրանական կողմում միտված է ոչ միայն տնտեսական շահերի սպասարկմանը, այլև Հայաստանի շրջափակումն ադրբեջանական եզրաբանությամբ՝ կատարյալ դարձնելուն ուղղված հերթական տրամաբանությունը գործնականում կիրառելուն»:

Իրանագետն ընդգծեց՝ պատկան մարմինները պետք է պատասխանեն, թե ինչո՞ւ չի լուծվում Մեղրու ազատ տնտեսական գոտու խնդիրը. «Եթե տեղական որևէ իշխանիկ հող է զավթել, կամ անօրինական ինչ-որ գործարք է կատարել, կամ մեր կառավարությունը պատշաճ չի համարում այժմ անդրադառնալ այդ խնդրին, ապա այդ հարցերին պետք է պատասխան տրվեն պատկան մարմինների կողմից: Ակնհայտ է, որ այդ քաշքշուկներն օգուտ չեն բերում»:

Նա ասաց, որ հայկական կողմից պատշաճ ուշադրության չարժանացան նաև Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի վերակենդանացմանը միտված գործողությունները և հռետորաբանությունը:

«Եթե դուք հետևեք իրանական կողմի թե՛ հրապարակումներին, թե՛ նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրություններին, ապա կտեսնեք, որ այս խնդիրն իրանցիների համար շատ կարևոր է: Մենք պետք է հստակորեն որսանք այս ուղերձները, և պատասխան՝ ուղերձներով ու գործողություններով հանդես գանք»,- ասաց նա՝ ընդգծելով՝ սա նույնպես ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական ու հոգեբանական կարևորության ծրագիր է:

«Եթե մենք ուզում ենք հաղթահարել ադրբեջանաթուրքական շրջափակումը և չեզոքացնել դրա հնարավոր հետևանքներն ապագայում, ապա պետք է այս ծրագրի մաս դառնանք: Ընդհանրապես մենք մեզ համար պետք է լուծենք մի կարևոր խնդիր՝ Հայաստանի տեսլականի խնդիրը՝ արդյո՞ք մենք ուզում ենք տեսնել հզոր, զարգացող Հայաստան, թե՞ շարունակելու ենք գոյատևել»,- շեշտեց իրանագետը:

Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս