«Սա հստակ քաղաքական հետապնդում է, ու որևէ մեկը հանկարծ չփորձի այլ հիմնավորում տալ տեղի ունեցողին». Իշխան Սաղաթելյան

Սահմանադրական դատարանի և, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի հետ:

– Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Դաշնակցությունն այս իրադարձությունների վերաբերյալ:

– ՀՅԴ-ն անցած 6 ամիսների ընթացքում մի քանի անգամ պաշտոնական հայտարարություններով իր դիրքորոշումը հայտնել է իշխանության գործողությունների վերաբերյալ, որոնք ուղղված են իբր դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելուն, բայց հստակ քայլեր են ձեռնարկում դատական իշխանությունը նվաճելու, սեփական դատական համակարգ ունենալու համար:

Այս վերջին գործողությունները գալիս են փաստելու, որ մեր նախկին ասածները ճիշտ էին: Սա դատապարտելի է ու անընդունելի: Չի կարելի մարդու ծնողին կամ երեխաներին կանչել հարցաքննության: Սա բացահայտ ճնշում է, որի նպատակը, կրկնում եմ, սեփական դատական իշխանություն ունենալն է:

– Ինչո՞ւ:

– Այդ դատական համակարգն իշխանությանն անհրաժեշտ է, որ վաղը-մյուս օրն օրինականացնի իր ապօրինի գործողությունները և իբրև մահակ ծառայեցնի իր քաղաքական հակառակորդների դեմ:

– Շատերն իշխանությունների կողմից իրականացվող այս գործողությունները գնահատում են՝ որպես կարմիր գծերը հատելու քայլ, ինչի նախադեպը կարծես թե չկա, երբ իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդներին ճնշելու համար բացահայտորեն օգտագործեն նրանց ծնողներին ու երեխաներին ու ընտանիքի անդամներին առհասարակ: Սրանք անդառնալի հետևանքներ չե՞ն ունենալու հետագայում:

– Այս քայլերն ու գործողությունները լուրջ հարված են հասցնելու մեր ողջ պետական կառավարման համակարգին, լրացուցիչ բաժանարար գծեր են քաշվելու ժողովրդի տարբեր խավերի միջև, որը, բնականաբար, ունենալու է իր հետևանքները: Այսինքն՝ իշխանությունը հստակ գնում է երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու ուղղությամբ, և մեր հասարակությունը պետք է արթնանա, պետք է հասկանա, որ չի կարող իշխանությունը ժողովրդավարության տարբեր լոզունգների անվան տակ իրականացնել ապօրինի գործողություններ:

– Քանի որ Դաշնակցությունը հեղափոխությանն աջակցած ուժ է եղել, հետևաբար՝  Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, ի՞նչ է հնարավոր անել այս իրավիճակը շտկելու համար:

– ՀՅԴ-ն իշխանափոխությունից հետո համաձայնեց կառավարությանը մաս կազմել, որ ներսից փորձեր իր ուժերը դնել, որ մեր ժողովրդի սպասելիքները արդարանան, բայց իշխանությունը դա չհասկացավ: Սկսեց սև-սպիտակների քաղաքականություն վարել, հասարակությանը հեղափոխականների ու հակահեղափոխականների պիտակավորել և ի սկզբանե որդեգրեց այս ճանապարհը: Հասարակությանը միավորելու, միասնական օրակարգեր առաջ բերելու, հայ ժողովրդի ռեսուրսն օգտագործելու փոխարեն՝ գնաց հայ ժողովրդին պառակտելու ճանապարհով, ինչը մեզ համար անընդունելի է:

– Այս իրավիճակից դուրս գալու ելքը, ի վերջո, ո՞րն է:

– Այս իշխանությունը պետք է վերջիվերջո լրջանա, սթափվի, հասկանա, որ այսպես երկար չի կարող շարունակվել, և ամենակարևորը՝ հասարակությունը նույնպես իր գնահատականը պետք է տա այս գործողություններին:

– Բայց կարծես թե գնալով կոշտանում են իշխանության քայլերը:

– Իշխանությունն իր քայլերը կոշտացնում է, որովհետև իրական բարեփոխումներ չի կարողանում իրականացնել և փորձում է իր ազդեցությունն այս ճանապարհով պահել: Շատ հստակ է: Եթե սա իշխանությունը մարսեց, անցնելու է մյուսներին՝ լրատվամիջոցներին ու ընդհանրապես երկրում անկախ ինստիտուտները վերացնելուն:

– Իշխանությունը բավականաչափ ռեսուրս ունի՞, որ այս վիճակը երկար կարողանա պահել:

– Ցանկացած իշխանություն, եթե հույսը դրեց ճնշումների ու ապօրինի գործողություններով իր իշխանությունը երկարացնելու վրա, այդ ռեսուրսն ինչ-որ պահի սպառվում է: Իշխանությունը, եթե իր ամբողջ ջանքը ներդներ երկրի տնտեսությունը, պաշտպանությունը, անվտանգության հարցերը կազմակերպելու, մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծելու վրա, այդ խնդիրները դարձներ իր հիմնական օրակարգը, նրա արդյունավետությունն ավելի մեծ կլիներ, քան թե այս ճանապարհով փորձեր հիմքերը ամրացնել, ամեն ինչ նվաճել ու մեկ մարդու իշխանություն հաստատել:

– Ինչո՞ւ այդպես չի անում իշխանությունը: Չի՞ կարողանում, թե՞ չի ուզում:

– Ինձ թվում է՝ չի կարողանում, կամ իր շուրջը համախմբել է մարդկանց, ովքեր սխալ խորհուրդներ են տալիս ու երկիրը սխալ ուղղությամբ են տանում: Շատ կարևոր է, որ բոլոր քաղաքական գործիչները, վերլուծաբանները, վարձկան PR անողներն ու ֆեյքերը, երբ իշխանությանը ոգևորում, դրդում են ավելի կտրուկ գործողությունների, հասկանան, որ այս երկրին ու իշխանությանը կոնկրետ վատություն են անում, ու վաղն այս մահակն ուղղվելու է նաև իրենց դեմ:

– Դաշնակցությունը ծրագիր, կոնկրետ գործողությունների պլան, ելքեր ունի՞ ժողովրդին, այսպես կոչված, թմբիրից արթնացնելու համար:

– Ունի Դաշնակցությունն այդ ծրագիրը ու առաջիկայում հստակ հայտարարություններով հանդես կգա: Մենք մի քանի անգամ պաշտոնական հայտարարություններ արել ենք, ասել ենք, որ՝ երկիրը սխալ ուղղությամբ մի տարեք: Եթե չեն հասկանում, մենք մեր գործողություններով ու հետևողական քայլերով կհասկացնենք:

– ԱԱԾ-ն այսօր արդեն գործողություններ իրականացրեց Հրայր Թովմասյանի հայրական տանը: Համոզի՞չ են այն պնդումները, որ Հրայր Թովմասյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման:

– Իհա՜րկե: Հենց դա է: Ու որևէ մեկը հանկարծ չփորձի այլ հիմնավորում տալ տեղի ունեցողին: Կան, չէ՞, հիմա քաղաքական գործիչներ ու ինչ-որ կազմակերպություններ և ուժեր, որոնք փորձում են հիմնավորել սրա՝ իդեալական լինելը: Սա հստակ քաղաքական հետապնդում է, ու բոլոր սրբություններն անցնելով՝ անցնում են մարդու ընտանիքին, որն անընդունելի է: Անկախ նրանից, թե ով է Հրայր Թովմասյանը. Այստեղ նրա հարցը չէ: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ այսօր Հրայր Թովմասյանին պաշտպանելու հարցը չի դրված: Հրայր Թովմասյանին մոտիկից չեմ էլ տեսել: Սա Սահմանադրական դատարանի, երկրի Սահմանադրության պաշտպանության հարցն է: Վերադառնում ենք 1993-94թթ.: Այս ձեռագիրը մեզ ծանոթ է, մենք սրա միջով անցել ենք:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս