«Էրդողանի հայտարարություններին հայկական կողմից պետք է բավականին կոշտ արձագանք լինի». Անժելա Էլիբեգովա

Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթաժողովին մասնակցելու համար երեկ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու են ժամանել այդ կազմակերպության անդամ երկրներ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը, որի ղեկավարած երկիրն ունի դիտորդի կարգավիճակ։ Ալիևը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել Բաքու ժամանած առաջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիան, Արցախը և ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

168.am-ի հետ զրույցում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նախ հատկանշական համարեց այն, որ Սիրիայի իրավիճակի ֆոնին Էրդողանը և Չավուշօղլուն միասին այցելում են Բաքու և առանձին հանդիպումներ են ունեցել՝ Էրդողան-Ալիև, Չավուշօղլու-Մամեդյարով:

«Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթաժողովին և՛ Էրդողանը, և՛ Չավուշօղլուն ևս մեկ անգամ առիթն օգտագործեցին՝ խոսելու Ադրբեջանի և Թուրքիայի միասնականության մասին, ասվեց, որ իրենք ունեն ընդհանուր սփյուռք, և իրենց ջանքերը դրսում պետք է լինեն ընդհանուր և համակարգված: Շնորհակալություն հայտնեցին, որ Ադրբեջանն ամբողջովին սատարեց Թուրքիային՝ Սիրիայի հյուսիսում այդ գործողությունների շրջանակներում:

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիայի գործողությունները միտված են խաղաղության հաստատմանը, և ամբողջովին ողջունում են այն:

Ադրբեջանական մամուլն այդ ֆոնին ևս մեկ անգամ սկսեց սադրել այն հարցը, որ Թուրքիան և Ադրբեջանը բազմաթիվ զորավարժություններ են վերջին շրջանում համատեղ անցկացնում, և, ըստ երևույթին, Սիրիայի հյուսիսում տեղի ունեցողն ամենայն հավանականությամբ տեղափոխվելու է նաև Արցախ, և Էրդողան-Ալիև հանդիպումն արվում է այն բանի համար, որ միասնական նախապատրաստվեն և՛ տեղեկատվական, և՛ ռազմական ոլորտում՝ պատերազմի, որ Ադրբեջանը սանձազերծելու է»,- ասաց ադրբեջանագետը՝ ընդգծելով՝ Ադրբեջանում մեծ ոգևորություն կա Էրդողանի այցից:

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ադրբեջանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին: «Ադրբեջանի սեփական տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների՝ հայկական օկուպացիայի տակ լինելը 1 միլիոն ադրբեջանցու ստիպել է՝ որպես փախստական, ապրել իրենց տներից, հայրենիքից հեռու: Ինչպես նշել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթիս ժամանակ, սա անընդունելի է: Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»,- ասել է Էրդողանը:

Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ Էրդողանի հայտարարություններին հայկական կողմից պետք է բավականին կոշտ արձագանք լինի. «Էրդողանը չէ, որ պետք է արցախյան հարցի շուրջ խոսի, առավել ևս՝ Սիրիայում իր գործողություններից հետո: Նա ո՛չ բարոյական իրավունք ունի, ո՛չ էլ որևէ հիմք: Դա նրան պետք է անպայման հիշեցնել, որ արցախյան հարցն իր խնդիրը չէ: Այնուամենայնիվ մեզ համար շատ վտանգավոր տենդենց է այն մասով, որ փաստացի հայտարարվում է՝ միավորվելու են ուժերը դրսում, և երկու երկրները միասնական ճակատով են հայերի դեմ ելույթ ունենալու: Եվ կարծում եմ, որ բավականին բարդ իրավիճակներում կարող ենք հայտնվել միջազգային կառույցներում: Այդ տանդեմի ճնշմանը դիմակայելու համար պետք է պատրաստվել, դիրքավորվել և ավելի լուրջ մոտենալ հարցին»:

Ադրբեջանագետն ընդգծեց, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և ՄԽ համանախագահների հայտարարությունները հուշում են՝ Ադրբեջանը դեռ «դաբրո» չունի՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու, բայց փորձում է ամեն կերպ դրանք ստանալ, և իր ռազմական հռետորաբանությամբ ու գործողություններով չի թաքցնում դա:

Տեսանյութեր

Լրահոս