Ինչ է հորդորել Սերժ Սարգսյանն իշխանափոխությունից հետո. Պատմում է Վիտալի Բալասանյանը

«Սերժ Սարգսյանն ինձ չի առաջարկել, որ՝ քեզ տեսնում եմ Արցախի Հանրապետության նախագահ: Ռոբերտ Քոչարյանը ևս ինձ նման բան չի ասել»,- լրագրողների հետ զրույցում՝ հնչող հարցերին ի պատասխան, հայտնեց Արցախի նախագահի թեկնածու, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Հիշեցնենք, որ շատերը Բալասանյանին մեղադրում են ՀՀ նախկին իշխանությունների հետևորդն ու աջակիցը լինելու մեջ: Անդրադառնալով իր և Սերժ Սարգսյանի հանդիպումներից հետո համացանցում և մամուլում տեղի ունեցող քննարկումներին՝ նա ասաց.

«Բոլորի մոտ այն տպավորությունն է, որ Վիտալի Բալասանյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը հանցավոր հանդիպում է: Դա այդպես չէ: Ես կողս պինդ մարդ եմ, բոլորին լսում եմ, բայց որոշում  կայացնում է միայն Վիտալի Բալասանյանը»:

Վիտալի Բալասանյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել է երեկ երեկոյան: Նրա խոսքով, սակայն, հանդիպման ընթացքում առաջիկա քաղաքական հարցեր չեն քննարկել:

Նա լրագրողների հետ առաջին անգամ խոսեց իշխանությունը թողնելուց հետո Սերժ Սարգսյանի հորդորի մասին:

«Ամեն ինչ կանեք, որ Հայաստանի հետ չհակադրվեք, պետք է հարաբերությունները ջերմ պահեք»,- ըստ Բալասանյանի՝ հենց այս հորդորով է դիմել Սերժ Սարգսյանն իրենց:

«Ես վստահեցնում են՝ Սերժ Սարգսյանի մարդը չեմ»,- ավելացրեց Բալասանյանը:

Աքսաննա Հայրապետյան

Տեսանյութեր

Լրահոս