«Մեծամտություն չթվա, բայց այն, ինչ այսօր կատարվում է մարդկանց ուղեղում, այդ ամենը խանգարում է մեր առաջընթացին». Վահրամ Սահակյան

Երեկ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանի «Միստերի-հիստերիա» դրամայի պրեմիերան (ռեժիսոր՝ Արթուր Սահակյան)։

Թե ինչո՞ւ «Միստերիա-հիստերիա»` Վահրամ Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցին վերջում պետք է հանդիսատեսը պատասխանի։

«Միստերիա ասելով՝ նկատի ունեմ մարդու ձգտած կյանքը, լսած երաժշտությունը, թատրոնը, արվեստը։ Հիստերիան այն է, երբ մարդն իր կյանքում կարող է շրջապատից ինչ-որ բան լսել, մնալ հիստերիայի մեջ, բայց դրաման ոչ թե դրա մասին է, այլ պարզապես վերնագիրն է այդպես: Այն մեր օրերի, խնդիրների և, ամենակարևորը՝ մեր հանրություն կոչվածի մտածողության մասին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Սահակյանը։

Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե ո՞րն է ներկայացման գլխավոր մեսիջը։

«Մեսիջներ ուղարկել չեմ սիրում, քաղաքականությանը, կոնկրետ իարդարձություններին խառնվել նույնպես չեմ սիրում։ Թող մեծամտություն չթվա, բայց այն, ինչ այսօր կատարվում է մարդկանց ուղեղում, այդ ամենը խանգարում է մեր առաջընթացին, քանի որ, եթե մտածողությունը չփոխեցին՝ մնացին անգրագետ, միօրինակ, հին բաներ սիրող ու նորը չսիրող, ապա այդպես էլ չեն կարողանա առաջ գնալ։ Բայց, իհարկե, ներկայացման մեջ շատ տարբեր թեմաներ կան»,- նշեց նա։

Վահրամ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ ներկայացումը կխաղան դեկտեմբերի սկզբին, նոյեմբերին չեն կարողանալու, պատճառների մասին հետո կասի։

Իսկ դեկտեմբերի սկզբին ներկայացումն արդեն կլինի Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում, և, եթե ամեն ինչ լավ լինի, ապա ամեն ամիս ներկայացումը կբեմադրեն, ինչպես «Mea Culpa»-ն կամ մյուս ներկայացումները։

Նշենք, որ ներկայացման գլխավոր դերերում հանդես են գալիս Վահրամ Սահակյանը և Սերգեյ Գասպարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս