«Լրատվամիջոցի վրա հարձակումը չի կարող ունենալ արդարացում». Իվետա Տոնոյանը՝ «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին
«Որպես նախկին լրագրող և որպես խորհրդարանի անդամ խստորեն դատապարտում եմ այդ երևույթը, քանի որ լրատվամիջոցի վրա հարձակումը չի կարող ունենալ արդարացում: Կարծում եմ՝ որևէ մեկի համար չպետք է գաղտնիք լինի, որ ազատ խոսքի իրավունքի իրացումը չպետք է այլընտրանք ունենա: Կարծում եմ՝ իրավապահ մարմինները պետք է սեղմ ժամկետներում համարժեք արձագանք տան այս գործողություններին և մեղավորները պետք է բացահայտվեն»,- այսօր ԱԺ-ում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով օրերս « Հայելի» ակումբի վրա հարձակմանը:
Նրա խոսքով՝ տեսել է ակումբի վրա հարձակման տեսանյութը, ուստի կարծում է, որ այնտեղ հասունացած ագրեսիվություն կար և հրապարկված հոդվածի վերնագիրը պարզապես առիթ է դարձել, որպեսզի այդ ագրեսիվությունն արտահայտեին:
Խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով էլ՝ Հայաստանում խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա կարծիք արտահայտելու իրավունք:
«Եթե կարծիք արտահայտելու համար քաղաքացին հետապնդվի և արժանանա որոշակի գործողությունների, իրավական տիրույթում պետք է ունենա բացարձակ համարժեք գնահատական: Զերծ կմնամ գնահատել, թե այդ արարքը կապվա՞ծ էր տվյալ հոդվածի հետ, թե՞ ոչ:
Բայց հատկապես լրագրողների կողմից կարծիք արտահայտելը որևէ կերպ չպետք է նման գործելաոճով ենթարկվի ճնշումների»,- շեշտեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ հոտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը և ձվեր նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանը պահանջել էր փակել լրատվամիջոցը։
Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն էր եղել։
Ակցիայի մասնակիցները նշել էին, որ պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։
Զվարթ Խաչատրյան