Հեղափոխական փոփոխություններ կրկին չեն լինելու. Ինչ սպասել հաջորդ տարվա պետական բյուջեից
Կառավարությունը ներկայացրել է 2020թ. պետական բյուջեի նախագիծը։ Այն հաջորդ տարվա թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն է, որն արտացոլում է կառավարության տնտեսական ու ֆինանսական սպասումները։
Այդ փաստաթուղթը հասարակ քաղաքացուն սովորաբար հետաքրքրում է այնքանով, թե կառավարությունը որքանով է պատրաստվում բարելավել իր սոցիալական վիճակը։ Հատկապես՝ իշխանափոխությունից հետո, որը խոստանում էր կտրուկ բարելավել մարդկանց կյանքի պայմանները։
Ի սկզբանե ասենք, որ այս անգամ ևս ստիպված ենք հիասթափեցնել` 2020թ. բյուջեն հասարակությանը ոգևորվելու շատ առիթներ չի տալիս։ Այն հեղափոխական փոփոխություններ չի նախատեսում՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ հասարակության սոցիալական կյանքում։
Դատելով ներկայացված նախագծից` սոցիալական իրավիճակը Հայաստանում կշարունակի մնալ նույնքան լարված, որքան նախկինում։ Իշխանափոխությանը հաջորդած երրորդ բյուջետային տարում կառավարությունը չի նախատեսում աշխատավարձերի բարձրացում։
Բազային աշխատավարձը հաջորդ տարի պետական կառավարման համակարգում կմնա նույնը։ Այն կկազմի 66,1 հազար դրամ։
Դա աշխատավարձի այն շեմն է, որի նկատմամբ կիրառվում են համապատասխան գործակիցները։ Թեև շրջանառվող օրենսդրական նախաձեռնության շրջանակներում հաջորդ տարի նախատեսվում է նվազագույն աշխատավարձի ավելացում, այնուհանդերձ կառավարությունը հակված չէ այդ փոփոխությունը կիրառել նաև բազային աշխատավարձերի վրա։ Մի բան, ինչը նշանակում է, որ բյուջեի ներկայացված նախագծով հաջորդ տարի ևս պետական կառավարման համակարգում աշխատավարձերի համընդհանուր բարձրացում չի ակնկալվում։
Եվ դա՝ այն դեպքում, երբ 2020թ. դարձյալ վերադառնում ենք կենսաթոշակային վճարների նախկին հարաբերակցությանը։ Դրա հետևանքով ծանրանալու է աշխատողների հարկային բեռը։ Նրանք ստիպված են լինելու աշխատավարձից ավելի շատ մասհանումներ անել կենսաթոշակային ֆոնդերին։
Արդարության համար ասենք, որ դրան զուգահեռ՝ կնվազի նաև եկամտային հարկի բեռը, բայց այն աշխատողների հիմնական մասի վրա չի տարածվի։ Կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի այդ փոփոխությունից օգտվեն հատկապես բարձր եկամուտներ ունեցողները։ Ոչինչ, որ հասարակության ցածր եկամուտներ ունեցող հատվածը հերթական անգամ հարվածի տակ կընկնի։
Ի տարբերություն աշխատավարձերի՝ կառավարությունը ոչ մեծ քայլ է արել կենսաթոշակների դեպքում։ Այդ առումով, իհարկե, նորություն չենք ասելու, որովհետև դրա մասին վարչապետն արդեն բազմիցս հայտարարել է. իշխանափոխության երրորդ տարում կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով կամ շուրջ 4000 դրամով։
Թե դա որքանո՞վ կբարելավի կենսաթոշակառուների կյանքի պայմանները, թող որոշեն իրենք։ Մի բան փաստ է, որ դա այն գումար չէ, ինչին մարդիկ սպասում էին իշխանափոխության արդյունքում։ Երրորդ տարում ընդամենը 4000 դրամ ավելացումը որևէ խնդիր չի լուծում կենսաթոշակառուի համար։
Առավել ևս, եթե հաշվի առնենք նաև գնաճը։ Խոսքը ոչ թե միջին գնաճի, այլ լայն սպառման ապրանքների և հատկապես սննդամթերքի գնաճի մասին է, որն անհամեմատ ավելի բարձր է։
Հիշեցնենք, որ հաջորդ տարվա սկզբից, պայմանավորված՝ ինչպես հարկային օրենսդրության փոփոխություններով, այնպես էլ՝ ԵԱՏՄ շրջանակներում մի քանի հարյուր անվանումով ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացմամբ, սպասվում է գնաճային ճնշման ուժեղացում։
Հաջորդ տարվա համար կառավարությունը պլանավորել է ապահովել 1 տրիլիոն 697 մլրդ դրամի եկամուտ։ Ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 880 մլրդ դրամի չափով։ Ավելացել է նաև բյուջեի դեֆիցիտը։ Այն կկազմի 182,5 մլրդ դրամ։ Հարկային եկամուտների և պետտուրքերի գծով պլանավորված է 1 տրիլիոն 602 մլրդ դրամ։
Առաջին հայացքից՝ կառավարությունը բյուջեի եկամուտների ու ծախսերի «հեղափոխական» աճ է նախատեսել։ Եթե համեմատում ենք այս տարվա բյուջեի հետ, ապա եկամուտները, այդ թվում` հարկային եկամուտները, ավելացել են՝ 201 միլիարդ, ծախսերը` 232 մլրդ դրամով։ Բայց դա իրականությունը չէ։
Ինչպես հայտնի է, կառավարությունը խոստացել է 62 մլրդ դրամով գերակատարել ընթացիկ տարվա բյուջեն։ Եթե դա հանում ենք, ապա 2020թ. պետական բյուջեի եկամուտների ավելացումը կկազմի ընդամենը 138 մլրդ դրամ։ Պատկերացնելու համար ասենք, որ 2019թ. նույն ցուցանիշը 158 մլրդ դրամ էր։
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա այստեղ խնդիրը շատ ավելի խորքային է։ Կառավարությունը լուրջ դժվարություններ ունի բյուջետային ծախսերը կատարելու հետ կապված։ Դրանք էապես շեղվել են նախատեսվածից։ Կանխատեսվում է, որ այդ միտումը կպահպանվի մինչև տարեվերջ, ինչի հետևանքով ընթացիկ տարվա բյուջետային ծախսերը կթերակատարվեն շուրջ 70 մլրդ դրամի չափով։ Մնացորդը, բնականաբար, կտեղափոխվի հաջորդ բյուջետային տարվա ծախսերի մեջ։
Սպասումները մեծ չեն նաև տնտեսությունից։ Կառավարությունն ակնկալում է, որ 2020թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի ընդամենը 4,9 տոկոս։ Այն շատ ավելի ցածր է, քան այս տարվա ակնկալիքը. կառավարության կանխատեսումներով՝ 2019թ. տնտեսական աճը կկազմի 6,3 տոկոս։
2020թ. տնտեսական աճի սպասումը ցածր է նաև 2018թ. համեմատ։ Հիշեցնենք, որ իշխանափոխության առաջին տարում ՀՆԱ-ն ավելացավ 5,2 տոկոսով։
Տնտեսական աճի այն ցուցանիշը, որը կառավարությունը ներկայացրել է հաջորդ տարվա համար, շատ հեռու է թռիչքային լինելուց։ Թե ո՞ւր մնացին Հայաստանի տնտեսության հեղափոխական զարգացումներն ու թռիչքային աճերը, հավանաբար պետք է հարցնել վարչապետին։ Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ այդպես էլ լինելու է։ Տնտեսությունը չի կարող թռիչքային աճեր արձանագրել` առանց դրա համար բավարար հիմքերի ստեղծման։
Առաջիկայում, անշուշտ, բյուջեին անդրադառնալու շատ առիթներ դեռ կլինեն։ Բայց առաջին տպավորությունն այն է, որ հասարակության սոցիալական կյանքում խոստացված հեղափոխական փոփոխությունները կրկին չեն լինելու։ Հասարակության այն հատվածը, որ լուրջ ակնկալիքներ ուներ իշխանափոխությունից, կշարունակի ապրել այնպես, ինչպես մինչ այդ։ Ներկայացված փաստաթուղթը նրանց եկամուտների քիչ թե շատ էական փոփոխություններ չի նախատեսում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ