Բաժիններ՝

Մարդու արժեքը մարդն ինքը չէ, որ որոշում է, այն միշտ որոշվում է նրա ապրած կյանքով, արած ու չարած գործերով

Մարդն իր բնույթով արժևորման, գնահատման կարիք ունի, որն էլ մտավոր և հոգևոր տարբեր ընկալումներ ու դրսևորումներ է ի հայտ բերում: Մարդն իր կյանքում ու անցնելիք ճանապարհին կարող է բազմիցս ընկնել ու բարձրանալ, սակայն չպիտի հպարտության ծովն ընկնի հաջողությունից հետո, ոչ էլ՝ հուսալքության անդունդը ամեն մի ձախողումից հետո…

Մարդու արժեքը մարդն ինքը չէ, որ որոշում է, այն միշտ որոշվում է նրա ապրած կյանքով, արած ու չարած գործերով: Խոնարհ մարդու արժեքը գովեստից չի բարձրանում, ընդհակառակը՝ հաճախ նույնիսկ ցած է իջնում ծանրությունից: Ժողովրդական մի ասացվածք կա. «Դատարկ տակառն ավելի բարձր ձայն կհանի»: Երբ մարդն ընկնում է հպարտության գիրկը, դադարում է խոնարհաբար առաջ ընթանալ, դառնում է ագահ՝ չբավարարվելով ունեցածով: Հպարտությունը կործանիչ թույն է, և ինչպես շեշտադրում է սուրբ Հովհան Ոսկեբերանը. «Այն ստորջրյա ժայռի է նման, որին բախվելով կործանվել են նույնիսկ նրանք, որոնք երկար ժամանակ դիմակայել են զանազան մոլությունների ու փորձությունների»:

Մենք Աստծո առաջ ոչինչ ենք, երբ հույս ենք դնում աշխարհային սին փառքի ու ունեցվածքի վրա, որովհետև ասում է. «Սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակոբ Դ 4): Լինում է, որ մարդն իր արժեքը բարձրացնելու համար նվաստացնում է իր նմանին, որ նրա համեմատ ինքը լավը թվա: Ուրիշին դատափետելով` դեռ ոչ ոք բարձրում չի հայտնվել: Սուրբ Նեղոս Սինայեցին է ասում. «Եթե ինքդ քեզ չափում ես փոքր չափով, քեզ ուրիշի հետ չես չափի»: Հոգու խոնարհություն, սրտի հանդարտություն ու արի ոգի է պետք այս աշխարհն ու նրանում եղած մարդկային փառքը, պատիվը, հարստությունն ու ունեցվածքը, ձախորդությունը, կորուստն ու հիասթափությունը արժանապատվորեն կրելու, հանդուրժելու համար:

«Մի՛ սիրեք աշխարհը, ոչ էլ` ինչ որ աշխարհի մեջ կա: Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և այս կյանքի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ այս աշխարհից: Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը: Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (Ա Հովհ. Բ 15-17):

Սուրբ Օգոստինոս Երանելին մատնանշում է. «Մարդկանց երկու սերերը երկու քաղաքներ են շինում, Աստծո սերը շինում է Վերին Երուսաղեմը, իսկ աշխարհի սերը շինում է դժոխային բաբելոնը»:

Մարդկային փառքն ունայն է. «Իմացի՛ր, ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի: Խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում» (Եսայի Խ 6-8): Փառքը, անունն ու պատիվը միայն Աստծունն են, իսկ մենք ընդամենը ինչ-որ չափով մասնակից ենք լինում Աստծո փառքին, եթե մեզ տրված շնորհները դնում ենք ի նպաստ Նրա փառքի տարածմանը, երբ խոսում ու գործում ենք Նրա կամքի համաձայն, երբ մերը չենք փնտրում, այլ սիրով ու հոժարությամբ ենք ծառայում մարդկային ավելի վեհ արժեքներին, քան այս աշխարհն է ու նրանում եղած նյութեղենությունը:

Ասում են՝ մարդուն մարդ է պետք մարդուն մարդ դարձնելու համար, բայց մարդուն նախ և առաջ Աստված է պետք, որպեսզի ամեն ինչ ի բարին գործի:

Մարդն ինքնին գերագույն արժեք է նախ Աստծո համար. «Բարձր են մարդու արժանիքները: Նայի՛ր, ինչպիսին են երկինքը, երկիրը, արեգակը և լուսինը, և նրանց մեջ չէ, որ Տերը բարեհաճում է հանգստանալ, այլ լոկ մարդու մեջ»,-ասում է սուրբ Մակար Մեծը:

Արդ, շատ կարևոր է հասկանալ մարդու էությունը, բնույթը, սովորույթներն ու հակումները. ինչի՞ն է տուրք տալիս, ո՞ւմ և ինչի՞ դեմ է գլուխ խոնարհում, ինչի՞ է պատրաստ այս աշխարհում ինչ-որ բանի հասնելու համար: Սրանք թերևս ամենակարևոր հարցերն են, որ յուրաքանչյուր մարդ նախ ինքն իրեն պիտի տա, հետո՝ ուրիշներին: Սա է մարդկային ճիշտ փոխհարաբերություններ սկսելու ու պահելու բանալին: Խոնարհ հոգին միշտ էլ պտղաբեր է լինում, ու Աստծուց ստացած շնորհներն էլ ավելի են առատանում, երբ նա տեսնում է իր գործերում Աստծո ներկայությունը:

Հեզությամբ ու համբերությամբ, խոնարհ ու իմաստուն այրը միշտ էլ կծառայի Աստծո փառքի համար, հանուն որդեգրած սկզբունքների ու համընդհանուր մարդկության երջանկությանն ու բարօրությանն ի նպաստ: Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է. «Վերջին ռամիկին դուր գալու համար ընկա աչքից մեծ Թագավորի»: Թեպետ Նարեկացին մեր եկեղեցու մեծագույն սրբերից է, սակայն նա իր «Մատյան ողբերգության» պոեմում այնպիսի բազմապիսի մեղքեր է վերագրում իր անձին, որոնց ինքը հաղորդ չէ, բայց Աստծո առաջ ինքն իրեն այդչափ նանիր է զգում, սա ևս մեզ համար ուսուցանող օրինակ է մարդահաճությունից, մարդկանց մեծարանքից ու գովեստից խուսափելու համար, որովհետև մեր նպատակը չպիտի լինի մարդկանց հիացմունքին արժանանալը, այլ՝ Աստծո բարեհաճությանն ու սիրուն: Փնտրենք վերինն ու վեհը, դա է և՛ մեր կյանքը, և՛ մեր արժեքը, և՛ մեր փառքը:

Արդարև, ձախորդությունն ու հաջողությունը չէ, որ մեզ իջեցնում կամ բարձրացնում են, այլ Աստված. չէ՞ որ, ինչպես ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը, հավատքի տեր և իմաստուն մարդը սատանայից նույնիսկ կարող է օգուտ ստանալ՝ նոր հայտնագործումներ անելով ու նոր հաղթանակներ ձեռքբերելով:

Պատրաստեց
Նարինե Նահապետյանը

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս