30 մլն դրամի վնասի պատճառմամբ կոռուպցիոն չարաշահումներ Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցում. քրեական գործ է հարուցվել
Շիրակի մարզում շարունակվում են մարզի ուսումնական հաստատություններում կոռուպցիոն հացնագործությունների բացահայտման, դրանցում ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված ակտիվ աշխատանքները:
Մասնավորապես 2019թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նույն բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2009-2019թթ. ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, Գյումրու «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ տնօրենի հրամանագրերով 4 անձ, այդ թվում նաև նրա կինը, աշխատանքի է ընդունել որպես հավաքարար, իսկ որդին և մեկ այլ անձ ընդունվել են մարզիչի հաստիքին: Վերջիններս, սակայն, աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
Այդ պայմաններում, մարզադպրոցի տնօրենի կողմից յուրաքանչյուր ամիս ստորագրվել և հաստատվել են պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառվել նշված անձնաց կողմից կանոնավոր աշխատանքի այցելելու մասին: Ապա կեղծ տեղեկագրերի հիման վրա որպես վերջիններիս հասանելիք աշխատավարձ և արձակուրդային վճարումներ, ելքագրվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր ավելի քան 30մլն դրամ գումար, որը վատնման եղանակով հափշտակվել է:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են Գյումրու «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՕԱԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ և անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: