«Տիկի՛ն Մակունց, հիասթափված եմ». Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հիասթափված է «Իմ քայլը» խմբակցության՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծից։  Այս մասին այսօր խորհրդարանում, դիմելով  խմբակցության ղեկավարին, ասաց  Բաբաջանյանը։

«Տիկի՛ն Մակունց, հիասթափված եմ, որովհետև այն, ինչ դուք և ձեր խմբակցությունը ներկայացնում եք այս փաստաթղթում, որպես ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմք, չափազանց թույլ է։ Այս դիմումը չի կարող լուծել ՍԴ խնդիրը և ՍԴ նախագահի լիազորություններին տիրացած Հրայր Թովմասյանի հարցը»,- ասաց  պատգամավորը։

Վերջինս նշեց, որ ինքը ներկայացնում է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ նոր նախագիծ, ըստ որի՝ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ ընտրվելու իրավունքը դեռևս չծագած՝ ընտրվել է ՍԴ անդամ և պաշտոնավարել անհամատեղելիության պահանջներին հակառակ։

«Այս սխեման կիրառվել է, որ ՍԴ անդամ նշանակվելու պահին Հրայր Թովմասյանի պարագայում տարածվեր նախորդ Սահմանադրությունը, որպեսզի նա կարողանար հաղթահարել նոր Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելու արգելքը»,- ասաց  Բաբաջանյանը՝ նշելով, որ սրան պետք է տրվի քրեաիրավական գնահատական, որի վերաբերյալ էլ ինքն այսօր հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։

Պատգամավորը հայտարարեց, որ անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի և այդ դատարանի անդամների լյուստրացիա։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս