Ո՞ւմ «գրպանն եք գցում» գազի գնի բարձրացման հարցը

Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա։ Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից՝ մինչև 40։ Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք, ըստ էության, իրականության հետ ոչ մի աղերս չունեն։

Այս առիթով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Երկու պետությունների ղեկավարները քննարկել են հանրապետությանը մատակարարվող գազի գնի հարցը: Սակայն պարզ է, որ որոշում կայացնողը նրանք չեն: Դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և որոշումը կկայացվի բանակցությունների արդյունքում»։

Այստեղ կարևորենք մի առանցքային դրվագ. ակնհայտ է, որ այս ձևակերպմամբ Փաշինյանն իր վրայից «գցում» է գազի հնարավոր թանկացման հարցը, քանի որ դա բոլոր ժամանակներում եղել է քաղաքական որոշման արդյունք, և այնտեղ տնտեսական և այլ տիպի արհեստական բաղադրիչներ փնտրելն ընդամենը հերթական մանիպուլյացիան է՝ հարցի վերաբերյալ պատասխանատվությունից խուսափելու համար։ Բացահայտ փաստ է, որ գազի գնի թեման բոլոր ժամանակներում ու մշտապես բանակցվել է երկրների ղեկավարների մակարդակով։

Այս փաստի մասին խոսելիս ընդամենը բավարար փաստարկ է՝ մի թեթև անդրադարձ կատարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի կամ Տիգրան Սարգսյանի պաշտոնական քրոնիկոնին՝ ռուս գործընկերների հետ շփվելու և նրանց հետ՝ գազի գնի հետ կապված ունեցած բանակցային փուլերին ու հանդիպումներին, և միանգամից ակնհայտ կդառնա, որ Վլադիմիր Կարապետյանը հերթական անգամ ակնհայտ ստում է, որովհետև տնտեսվարող սուբյեկտների վրա այլ պետություններին մատակարարվող գազի գնի որոշման հարցը երբեք չի դրվել։

Այս ամենը նշանակում է մի բան՝ Կարապետյանը ստում է, որովհետև ասելիք չունի, քանի որ ակնհայտ է, որ, եթե լիներ որոշակի դրական արդյունք և հաջողության նշույլ, որը կկասեցներ գազի գնի հնարավոր բարձրացումը, ապա րոպե առաջ ոչ միայն մամուլի խոսնակը, այլև իշխանական ողջ «լեգիոնը», այդ թվում և՝ ֆեյքերը, կլծվեին գովերգելու «ժողովրդական վարչապետի աննախադեպ ձեռքբերումը», կխոսեին Փաշինյանի «փայլուն» քաղաքականության մասին։ Փաստացի՝ թեման «գցելով» տնտեսվարողների «գրպանը», պարզ է դառնում մի բան՝ գազի գնի բանակցություններում ասելիք չկա, և ամեն ինչ ձախողված է։

Հիշեցնենք, որ դեռևս ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին ԱԺ ամբիոնից անընդհատ նախկին իշխանություններին քննադատելով՝ բարձրաձայնում էր գազի գնի բարձրացման փաստը՝ շեշտելով, թե «էդ ինչպե՞ս է լինում, որ գործընկերն ու դաշնակիցն ամենաթանկ գներով է Հայաստանին մատակարարում գազ»։ Կամ անընդհատ խոսում էր «ՀՀ-ում տարբեր օլիգարխների գազալցակայանների լևի խողովակների» մասին։ Նախկին իշխանություններին նա ժամանակին ցանկացած առիթով մեղադրում էր Ռուսաստանին ծառայելու, Պուտինի կամակատարը լինելու մեջ, իսկ երեկ ողջ հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, թե ինչպես էր նրա ողջ թիմն ամեն ինչ անում Պուտինի հետ հանդիպում կորզելու և սելֆիներ անելու համար, որպեսզի ցույց տա, թե որքան «փայլուն» են իր և ՌԴ նախագահի հարաբերությունները։

Իհարկե, ողջ փայլը խամրեց, երբ մամուլում հայտնվեց Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի՝ ավելի քան մեկ ժամ տևողությամբ հանդիպման լուրը, որի շոկից երկար ժամանակ իշխանությունները չէին կարողանում դուրս գալ։ Ավելին, իրենց ֆեյքերի դատարկաբանություններին, թե հանդիպման լուրը սուտ է, Կրեմլից ևս մեկ անգամ եկավ հաստատող հաղորդագրությունը՝ Պուտինի խոսնակի խոսքով։

Վարչապետ Փաշինյանն այսօր, իհարկե, այս ամենի մասին զգուշավոր կերպով լռում է։ Որովհետև ով՝ ով, բայց ինքը լավ գիտի, որ գազի գինը քաղաքական որոշման արդյունք է լինելու, և որը, անխոս, թանկանալու է։

Գազի գնի հետ կապված՝ նախորդ տարի գարնանը տեղի ունեցած իշխանափոխության օրերին Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր, թե «ՀՀ ներմուծվող գազի գինը սահմանին պետք է նվազի, և դա չի քննարկվում»։ Հասկանալի է և կարելի է մտնել Փաշինյանի ներկայիս դրության մեջ, քանի որ նա հավանաբար հասկանում է, թե որքան ծանր է իշխանության բեռը, և որքան հեշտ է քաղաքական դաշտում միշտ ընդդիմություն լինելը։ Առավել ևս՝ անպատասխանատու ընդդիմություն լինելը։ Փաշինյանը նաև քանիցս ընդգծել էր, թե ՀՀ-ին Ռուսաստանը պարտադրում է մտնել ԵԱՏՄ, քանի որ սպառնում է գազի գնի բարձրացումով, իսկ այսօր նա ԵԱՏՄ գագաթաժողովում խոսում է այդ կառույցի կարևորության ու բացառիկ դերի մասին։

Որևէ մեկս չենք կարող չարախնդալ գազի գնի բարձրանալու հանգամանքի վրա, քանի որ բոլորս շատ շուտով մեր մաշկի վրա ենք կրելու դրա պատճառած վնասները։ Խնդիրն այն է, որ նախկիններին մեղադրող, հոխորտացող այսօրվա իշխանությունները որևէ կերպ պետք է կարողանան լուծել խնդիրը։

Այլապես ևս մեկ անգամ հասարակությունը ոչ միայն ականատես կլինի հերթական ստի և մեծախոսության բացահայտմանը, այլև պետությունը լուրջ վնասներ կկրի։ Բնականաբար, Ռուսաստանն իր այդ քաղաքական որոշումը կայացնելու է՝ նաև հիմնվելով Փաշինյանի և նրա կառավարության, նրա պատգամավորների, նրան սատարող կազմակերպությունների հակառուսական հայտարարությունների և քայլերի վրա։ Ցավը նրանում է, սակայն, որ նրանց ապաշնորհ արտաքին քաղաքականության և գործունեության, անպատասխանատու հայտարարությունների վնասները կրելու ենք մենք բոլորս։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս