Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ. հավանություն է տրվել ՀՀ 2020 թ. պետբյուջեի նախագծին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ: Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Oրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2020 թ. հունվարի 1-ից: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետների 2 տարով երկարաձգումով՝ դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացն 2020 և 2021 թթ. համար օրենքին համապատասխան իրականացնելու համար։ Հիմնավորման համաձայն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս ՀՀ-ում համայնքների միավորման գործընթացն ամբողջովին չի ավարտվել և առկա են մի շարք համայնքներ, որոնք ունեն փոքրաթիվ բնակչություն և ներկայիս օրենքի ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու պարագայում ֆինանսական համահարթեցման դոտացիաների բաշխման հաշվարկները ցույց են տալիս, որ կլինեն համայնքներ, որոնց կհատկացվի պակաս, քան 2016 թ.-ին փաստացի հատկացված դոտացիաները: Ուստի վերը նշված հարցերը կարող են կարգավորվել համայնքների միավորման գործընթացն ամբողջովին ավարտելու. ՀՀ համայնքների միավորման գործընթացը նախատեսվում է ամբողջովին ավարտել 2021 թ.-ին։

Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները կարտացոլվեն ՀՀ 2019թ. պետբյուջեում

Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի օգտագործման հրապարակայնության և թափանցիկության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ն 2019 թ. սեպտեմբերի 19-ին իրականացրել է արտարժութային պետական պարտատոմսերի երրորդ տեղաբաշխումը 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով, տեղաբաշխումից մուտքը կազմել է 489.9 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ իրականացվել է 2020 թ. մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի գծով մասնակի հետգնում 402.4 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի դիմաց վճարվել է 427.9 մլն ԱՄՆ դոլար` ներառյալ հետգնված պարտատոմսերի անվանական արժեքը, հավելավճարը և հաշվեգրված արժեկտրոնի գումարը: Վճարման ենթակա գումարը վճարվել է 2019 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցների հաշվին: Արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարը՝ 489.9 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև դրա օգտագործման ուղղությունները անհրաժեշտ է արտացոլել «ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում՝ պետական բյուջեի բոլոր մուտքերի և ելքերի հրապարակայնությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է ավելացնել ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված «Պետական պարտքի կառավարում» ծրագրի «ՀՀ կառավարության պարտքի սպասարկում արտարժութային պետական պարտատոմսերի մասով» և «Արտարժութային պետական պարտատոմսերի ցուցակման ծառայություններ» միջոցառումների գծով ինն ամսվա և տարեկան հատկացումների գումարները: Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկման և ցուցակման ծառայությունների գծով կառավարության ստանձնած պարտավորությունների ժամանակին և ամբողջ ծավալով իրականացումը: Որոշմամբ առաջարկվում է, մասնավորաապես, փոփոխություններն իրականացնել՝ ավելացնելով ՀՀ 2019 թ. պետբյուջեով նախատեսված այլ եկամուտները՝ բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով:

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ անունից արտարժութային պետական պարտատոմսերի գործառնություններ իրականացնելու գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մի շարք ծառայությունների ձեռքբերման գծով ստանձնած պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարումն ապահովելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության անունից արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան ծառայություններ ձեռք բերելու նպատակով կնքել է հետևյալ պայմանագրերը՝ 2019 թ. հուլիսի 18-ին միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, 2019 թ. սեպտեմբերի 9-ին արտարժութային պետական պարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման նպատակով «J.P.Morgan Securities plc» և «Citigroup Global Markets Limited» ընկերությունների հետ, 2013 թ. օգոստոսի 15-ին արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման ծառայության ձեռքբերման նպատակով «Fitch Ratings» վարկանշային ընկերության հետ, 2012 թվականի դեկտեմբերի 17-ին արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման ծառայության ձեռքբերման նպատակով «Moody’s» վարկանշային ընկերության հետ:

Հաստատվել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թ. ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թ. ծրագիրը: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ 16 համայնքում ընգրկված 38 բնակավայրերում: Ըստ այդմ՝ նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում, սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում:

Կառավարությունը կշարունակի Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը

Կառավարությունը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թ. տարեկան ծրագիրը, որի նպատակը լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավումն է: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործմանն ուղղված 2020թ. նախատեսված ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը: Հիմնավորման համաձայն, օգոստոսի 12-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900.72 մ է, ինչի շնորհիվ առաջացել են հիմնախնդիրներ՝ կապված ափամերձ անտառապատ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները և ենթակառուցվածքները: Միաժամանակ ջրի բարձր որակն ապահովելու համար կարևոր է կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակի չմաքրված կեղտաջրերի լիճ թափվելու հետ: Ծրագրով նախատեսվում է իրականացնել 16 միջոցառում:

Կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում հաստատվել է Զբաղվածության կարգավորման 2020 թ. պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը: Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի նպատակը բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովմանը, կայուն զբաղվածություն ապահովող պետական ծրագրերին գործատուների շահագրգիռ ներգրավվածությունը խթանելուն, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ և կայուն զբաղվածության ապահովմանը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թ. տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագրի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանել նրանց մասնակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքին:

Հավանության է արժանացել նաև Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թ. տարեկան ծրագիրն և միջոցառումների ցանկը: Ծրագրի իրականացման արդյունքում, մասնավորապես, կբարելավվի երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը, կապահովվի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն:

Այլ որոշումներ

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2020 թ. միջոցառումների ծրագիրը: Այն կնպաստի հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը: Ծրագրի նպատակներից է ապահովել հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող ներպետական իրավական ակտերի կատարելագործումը, դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին, օպերատիվ կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացումը:

Կառավարությունը հաստատել է.

-2020 թ.-ին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը. ցանկում ներառված են պետական նպատակային ծրագրերի նախագծեր գիտական կազմակերպություններից և Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ծրագիրը:

-2020 թ. առողջապահական պետական նպատակային ծրագրերը՝ առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացման շարունակականությունն ապահովելու նպատակով: Առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են` բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ապահովումը, սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը, մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը, բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը, օժանդակ հարակից ծառայությունների ապահովումը։

-ՀՀ 2020 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագրում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը: Ծրագրի խնդիրներն են` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը, բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը և այլն:

Տեսանյութեր

Լրահոս