
Հայաստան ժամանեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը

Հայաստան ժամանեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում, նրան դիմավորում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Դոդոնը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն ներկա կլինեն հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով: