«Հռետորաբանությունից բացի, պետք է պատրաստ լինել զիջումների. Ադրբեջանն ունի առավելապաշտական հավակնություններ»․ Եվսեև
«Հայաստանը պարզապես նոր ձևակերպմամբ է հանդես գալիս՝ ցույց տալու համար Ադրբեջանի ապակառուցողականությունը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հակամարտ կողմերի իշխանությունների վերջին հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Trend ադրբեջանական գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետը «խեղաթյուրված» է ներկայացրել արցախյան հակամարտության քաղաքական, իրավական, պատմական բնագավառները: Հաջիևի խոսքով՝ «Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացին վնասել են դեռևս օգոստոսին՝ Արցախում ելույթ ունենալով, իսկ այժմ Փաշինյանը փորձում է ՄԱԿ-ի ամբիոնից ներկայանալ՝ որպես «խաղաղասեր»»:
Նա նաև հիշեցրել է 1921թ. հուլիսի 5-ի Կոմունիստական կուսակցության «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պահպանելու» որոշումը: «Արցախը միացնելու կամ անկախ ճանաչելու Հայաստանի հավակնությունները հակասում են միջազգային իրավունքի uti possidetis սկզբունքին և այդ առումով անհիմն են միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Հաջիևը:
Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով նաև Արցախի հիմնահարցին: Նա, մասնավորապես, ասել էր. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Փաշինյանը նշել էր նաև, որ առաջ ընթանալու համար ակնկալում է նման հայտարարություն նաև Ադրբեջանից:
«Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը»,- նկատել է ՀՀ վարչապետը։
Վլադիմիր Եվսեևի գնահատմամբ՝ այդ հայտարարություններից մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ Ադրբեջանն ամենաքիչը պատրաստ չէ հաշվի առնել Ղարաբաղի և Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, պատրաստ չէ համաձայնել, որպեսզի Արցախը մաս դառնա բանակցություններին։ Եվսեևի կարծիքով՝ առաջիկայում ևս նման հարցի շուրջ համաձայնություն չի նշմարվում, նման հնարավորություն եղել է շատ ավելի վաղ, սակայն չի օգտագործվել, իսկ ներկայումս նման հնարավորություն պարզապես չկա։
Նրա խոսքով՝ Հայաստանը պարզապես նոր ձևակերպմամբ է հանդես գալիս՝ ցույց տալու համար Ադրբեջանի ապակառուցողականությունը, հասկանալով և իմանալով, որ Ադրբեջանը դեմ է դուրս գալու նման գաղափարներին, քանի որ ցանկանում է լուծել հակամարտությունը մի սկզբունքի շրջանակում, և այդ մասին կրկին հայտարարում է, որ պետք է վերականգնվի տարածքային ամբողջականությունը։
«Ես որևէ դրական ակնկալիք մոտ ապագայի համար չունեմ բանակցությունների համար։ Այն համոզմանն եմ, որ ադրբեջանական կողմը հետևում է ներհայաստանյան և Հայաստանի շուրջ իրադարձությունների զարգացմանը՝ զուգահեռ շարունակելով բանակցություններ վարել։ Բայց կարծում եմ, որ պատերազմի սպառնալիքն ամենևին էլ վերացած չէ, կա վտանգ, և այդ մասին կողմերը գիտեն, իսկ հայտարարությունները արվում են՝ աշխարհի, բանակցությունները տարվում են՝ իբրև թե պատերազմի սպառնալիքը նվազեցնելու և միջնորդներին կառուցողական կողմ ներկայանալու համար, սակայն բոլոր կողմերն էլ հասկանում են՝ ինչ են ցանկանում միմյանցից, ու դա որքանով է իրատեսական ու ընդունելի մյուս կողմի համար։ Այո, լուծումն ընդունելի պետք է լինի բոլորի համար:
Նախ՝ բոլորը պետք է մասնակցեն բանակցություններին, հետո պետք է համաձայնության գան փոխընդունելի լուծման շուրջ, դա է 20 տարուց ավելի կողմերի միջև այս ողբերգական հակամարտության հիմքը։ Հռետորաբանությունից բացի, պետք է պատրաստ լինել զիջումների, բայց ես այն համոզմանն եմ, որ ոչ մի կողմը պատրաստ չէ զիջումների։ Ադրբեջանն ունի առավելապաշտական հավակնություններ»,- ասաց նա։