Վերջին ամիսներին հանքարդյունաբերությունը Հայաստանում լավ թափ է հավաքել
Հրապարակվել են օգոստոս ամսվա տնտեսական ակտիվության օպերատիվ ցուցանիշները։ Ի ուրախություն կառավարության՝ վիճակագրական աճերը Հայաստանում շարունակել են պահպանվել։ Դա նշանակում է, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան նոր գրառումներ կատարելու պակաս չի ունենա։ Սակայն, բնականաբար, ոչինչ չի ասի այն մասին, որ դա ոչ այնքան կառավարության լավ աշխատանքի, որքան նախորդ տարվա ցածր բազային ցուցանիշների հետևանք է։
Օգոստոսին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 7,6 տոկոս։ Ճիշտ է, առանց գյուղատնտեսության։ Գյուղատնտեսության ցուցանիշները դրանում ներառված չեն, հակառակ դեպքում` հազիվ թե շատ ոգևորվելու առիթ լիներ։
Վիճակագրական կոմիտեն աճեր է գրանցել գրեթե բոլոր ոլորտներում։ Օգոստոսին նույնիսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն է ավելացել։ Միակ բացառությունը եղել է ներմուծումը, որտեղ անկում է գրանցվել։ Նախորդ տարվա համեմատ՝ ներմուծումը կրճատվել է 2,8 տոկոսով։
Ութ ամսվա արդյունքներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվությունը հասել է 7 տոկոսի։ Իհարկե, դեռ հարց է, թե ի՞նչ կմնա դրանից, երբ կներառվեն նաև գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները։ Այդ մասին հնարավոր կլինի խոսել սեպտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշների հրապարակման ժամանակ, երբ դրանցում կարտահայտվեն նաև գյուղոլորտի երրորդ եռամսյակի տվյալները։
Այս պահին ուղղակի հիշեցնենք, որ մինչև գյուղատնտեսության ցուցանիշների ներառումը` տնտեսական ակտիվությունը տարեսկզբի 5 ամիսներին ավելի բարձր էր. հասնում էր 7,3 տոկոսի։ Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները ներառելուց հետո տարվա առաջին կեսին տնտեսական ակտիվության աճը նվազեց` կազմելով 6,5 տոկոս։
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ օգոստոսի արդյունքներով տնտեսական ակտիվության տեմպը տարվա կտրվածքով 0,2 տոկոսային կետով բարելավվել է։ Բայց դա ոգևորվելու առիթ չի տալիս. պետք է վերհիշենք, թե ինչպիսին էին զարգացումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Իշխանափոխությունից հետո տնտեսական ակտիվությունը Հայաստանում գնալով նահանջեց։ Արդեն օգոստոսին այն կազմեց ընդամենը 0,5 տոկոս, սեպտեմբերին նույնիսկ անկում արձանագրվեց։
Այնպես որ, առաջիկայում կառավարությունը բարձր աճերով հպարտանալու հնարավորություն դեռ կունենա։ Բայց դա կլինի ոչ թե բուռն զարգացումների արդյունքում, այլ նախորդ տարվա բազային ցածր ցուցանիշների հետևանքով։
Տարօրինակ կլիներ, որ անգամ այդ պայմաններում տնտեսական հեղափոխության ճանապարհը բռնած կառավարությունը չկարողանար դրական դինամիկա ապահովել։ Թեև պետք է ասել, որ աճի ապահովման հիմնական ոլորտները շարունակում են մնալ առևտուրն ու ծառայությունները։ Իսկ թե դա ինչի՞ հաշվին է, բազմիցս ասվել է, և մեկ անգամ ևս կրկնելու անհրաժեշտություն չկան։ Ուղղակի նշենք, որ այդ ոլորտներում արձանագրվող աճերը քիչ կապ ունեն տնտեսության իրական զարգացումների հետ։
Այլ հարց է արդյունաբերությունը. վերջին ամիսներին Վիճակագրական կոմիտեն այս ոլորտում բավական լուրջ առաջընթաց է գրանցում։ Ութ ամիսների արդյունքներով՝ արդյունաբերության աճը հասել է 9,5 տոկոսի։ Ընդամենը երկու-երեք ամիս առաջ այն 5-6 տոկոսի սահմաններում էր։ Բայց հանկարծ արդյունաբերությունը սկսեց վերելք արձանագրել։ Ու գիտե՞ք ինչու, որովհետև վերսկսեց Թեղուտի գործունեությունը, ինչի ազդեցությունը՝ ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ՝ արդյունաբերության ցուցանիշների վրա ակնհայտ է։
Չնայած հասարակության մի հատված պատրաստ չէ հանդուրժել Ամուլսարի հանքի շահագործումը, իսկ կառավարությունը համարում է, որ իրավական հիմքեր չկան այն արգելելու համար, վերջին ամիսներին հանքարդյունաբերությունը Հայաստանում լավ էլ թափ է հավաքել։
Արտադրության ծավալների ավելացումն ընդհուպ մոտեցել է երկնիշ թվի. տարեսկզբի յոթ ամիսների տվյալներով (ութ ամիսների ցուցանիշները կհրապարակվեն 10 օրից)՝ հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 9,5 տոկոս։
Մետաղական հանքաքարի արդյունահանումն ավելացել է 10 տոկոսով։ Վերստին աճ է գրանցվել պղնձի արտադրության ոլորտում, մոլիբդենի խտանյութի արտադրությունն ավելացել է գրեթե 29 տոկոսով։
Թե այս դրսևորումները որքանո՞վ են տեղավորվում հանքարդյունաբերությունից հրաժարվելու կամ տեսակարար կշիռը կրճատելու՝ կառավարության ռազմավարության մեջ, դժվար է ասել։ Բայց, որ դրանք էական ազդեցություն են ունենում արդյունաբերության ոլորտում արձանագրվող աճերի վրա, միանշանակ է։
Փոխարենը` շարունակում են չիրականանալ շինարարության ոլորտի հետ կապված հույսերը։ Տարեսկզբի համեմատ աճի տեմպն այս ոլորտում էապես կրճատվել է ու շարունակում է կրճատվել։ Ութ ամիսների աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս։ Տեմպը տարվա սկզբի համեմատ պակասել է գրեթե 5 անգամ. հունվար-փետրվարին այն հասնում էր 20-21 տոկոսի։ Մի բան, ինչն էլ հիմք տվեց Նիկոլ Փաշինյանին հայտարարելու, որ Հայաստանը գտնվում է շինարարության բումի նախաշեմին։
Բայց վարչապետի այդ հայտարարությունից հետո տեղի ունեցավ հակառակը` մարտին արձանագրվեց 0,5 տոկոս, ապրիլին` 1,5 տոկոս, մայիսին` 2 տոկոս, հունիսին` 0,6 տոկոս աճ։ Հուլիսին աճը մի փոքր ակտիվացավ` հասնելով 5,9 տոկոսի։ Բայց օգոստոսին աճի տեմպը դարձյալ նվազել է և կազմել ընդամենը 3,9 տոկոս։
Կառավարությանն առայժմ չի հաջողվում լուծել բյուջետային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ շինարարության հետ կապված խնդիրները։ Շինարարության ոլորտի նկատմամբ ցածր են նաև օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունները։ Արտաքին ներդրումային կապիտալն այս հատվածում բավականաչափ կրճատվել է։ Թեև այնպես չէ, որ մյուս ոլորտներում ներդրումային ակտիվությունը բարձր է։
Երկրորդ ամիսն անընդմեջ աճի բարձր տեմպ է արձանագրվում արտահանման ոլորտում։ Եթե հուլիսին այն 13,6 տոկոս էր, ապա օգոստոսին կազմել է 13,5 տոկոս։
Այս երկու ամիսների դրսևորումների արդյունքում արտահանումը դուրս է եկել անկումից։ Բայց աճի տեմպը դեռևս ցածր է։ Ութ ամիսների տվյալներով՝ այն կազմել է հազիվ 4,6 տոկոս։ Պատկերացնելու համար, թե ինչպիսին էին զարգացումները նախկինում` ասենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանումն ավելացել էր 16,5 տոկոսով, դա էլ՝ հիմնականում առաջին եռամսյակի բարձր ակտիվության հաշվին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ