«Հիմքեր չկան պնդելու, որ տեղի է ունեցել սպանություն». ՀՔԾ պետի տեղակալը՝  Հայկ Հարությունյանի մահվան մասին

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու hոդվածի հատկանիշներով։

«Որքան ինձ հայտնի է, հիմքեր չկան պնդելու, որ տեղի է ունեցել սպանություն։ Ամեն դեպքում քրեական գործով վարույթն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Վ. Հովհաննիսյանը։

Հարցին՝ ճի՞շտ էր այնպիսի տվյալների հրապարակումը, որ Հայկ Հարությունյանը տանը մենակ չի եղել, ալկոհոլ է օգտագործել, և այլն, Վլադիմիր Հովհաննիսյանը պատասխանեց, որ հրապարակումը ՀՔԾ-ի կողմից չի եղել։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով, որը սահմանում է  նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը, սահմանված է, որ ցանկացած գործով հրապարակման ենթակա նյութի ծավալը որոշում է կոնկրետ քրեական վարույթ իրականացնող մարմինը, այսինքն՝ քննիչը»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է այն լուրերին, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հայկ Հարությունյանին ստիպել է ցուցմունք տալ «Մարտի 1»-ի գործով, Վլադիմիր Հովհաննիսյանը նշեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում և հերյուրանք են։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս