ՏՄՊՊՀ-ն հորդորում է կոնյակ արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում կոնյակի շուկայում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, վերլուծվում է դաշտը կարգավորող օրենսդրությունը, ինչի արդյունքում հնարավոր է հանձնաժողովը հանդես գա օրենսդրական փոփոխությունների առաջարկով:
Կատարվում են վերլուծություններ ավելի քան 3 տասնյակ կոնյակ արտադրող կազմակերպությունների առկա պաշարների, մթերվող խաղողի ծավալների և արտադրական հնարավորությունների վերաբերյալ: Նախատեսվում է դիտանցումներ իրականացնել կոնյակ արտադրող ընկերություններում՝ խաղողի մթերման, խմորման և թորման փուլերում:
Անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ շուկայում վաճառվող և արտահանվող կոնյակները կենթարկվեն լաբորատոր հետազոտությունների:
Հայաստանի Հանրապետություն տարեկան ներմուծվում է շուրջ 1 մլն լիտր կոնյակի սպիրտ: Հետևելու ենք, որպեսզի ներմուծվող կոնյակի սպիրտի հետագա օգտագործման ընթացքում բացառվեն անբարեխիղճ մրցակցության դրսևորումները: Տեղեկատվության հավաքագրման նպատակով համագործակցում ենք պետական այլ մարմիններ հետ: Որոշ տվյալներ մտահոգիչ են. մասնավորապես՝ անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք մթերվող խաղողի հայտարարվող ծավալները համապատասխանում են իրական պատկերին, թե ոչ:
Հորդորում ենք արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող այլ գործողություններից:
Ուսումնասիրություններն ավարտելուն պես արդյունքները կամփոփվեն, և հանրությանը կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն: