Բաժիններ՝

«Ներդրումների վրա, որոնք կրճատվել են 30 միլիարդ դրամով, նաև կառավարության վարքագիծն է ազդում». տնտեսագետ

Հայաստանում դրամը գերարժևորված է, ինչը հանգեցնելու է մի շարք բացասական հետևանքների: Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«Ազգային արժույթի փոխարժեքը ազդեցություն ունի ՀՆԱ-ի տեսանկյունից` հատկապես արտահանման և ներմուծման: Դրամի գերարժևորումն ունենում է բացասական հետևանքներ, մասնավորապես, արտահանման առումով, քանի որ մեր ապրանքները՝ երկրի ներսում արտադրված և արտահանման ուղղվող, ավելի թանկ են լինում դրսի շուկաներում, և մրցակցային խնդիրներ է առաջանում: Նախորդ ժամանակահատվածներում դրա փաստերը մենք ունեցել ենք, բայց չպետք է մոռանանք, որ ազգային արժույթի փոխարժեքը նաև գների վրա ազդող գործոն է, այս դեպքում` ներմուծման, ինչը կունենա սոցիալական ազդեցություն: Ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ մեր ազգային արժույթը վերջին շրջանում որոշակի և անուղղակի կարգավորումներով փորձ է արվում գերարժևորել, զսպել տատանումները: Եվ երկարաժամկետ իմաստով ավելի ակնհայտ է դառնում դրա բացասական ազդեցությունը՝ տնտեսական ակտիվության տեսանկյունից և արտահանման: Սա է պատճառը, որ ընթացիկ տարվա յոթ ամսվա կտրվածքով ունենք ընդամենը 3 տոկոս արտանման աճ` նախորդ տարվա 20-25-ի փոխարեն»,- մանրամասնեց նա:

Հարցին, ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը հեղափոխությունից հետո՝ 1,5 տարի անց էլ չի փոխվել, իր ելույթներում անընդհատ խոսում է նախկին իշխանություններից` Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, հիմա նաև՝ Միքայել Մինասյանից, մինչդեռ արտաքին քաղաքական և տնտեսական ոլորտներում լրջագույն մարտահրավերներ կան, Թադևոս Ավետիսյանը նշեց` իրականում երկրում տնտեսական զարգացման բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնցից է տնտեսական ակտիվության վիճակը և կայունությունը: Ըստ նրա` ներդրումների վրա նաև քաղաքականությունն է ազդում, այն վարքագիծը, որը դրսևորում է պետական կարգավորողը` կառավարությունը:

«Կառավարության հնգամյա ծրագրում չկան հստակ ուղենիշներ և բավականաչափ թվային թիրախներ, որոնք հետագայում հիմք պիտի հանդիսանային ընթացիկ գործընթացները գնահատելիս: Եվ սա, բնականաբար, բխում է օրվա իշխանության նեղ քաղաքական շահերից. չեն ամրագրում բավականաչափ տեսանելի ցուցանիշներ, որպեսզի հետագայում հաշվետու լինելու խնդիր չլինի: Սա ինքնին անորոշություն է, այսինքն` կառավարության ծրագիրն ինքնին անորոշ հաղորդագրություններ է ուղարկում տնտեսությանը, որը վերածվում է առանձին տնտեսվարողների վարքագծի: Սրա արդյունքն է, որ օտարերկրյա ներդրումներն ընդհանուր հոսքերի տեսանկյունից կրճատվել են 30 միլիարդ դրամով` այս տարվա վեց ամիսների կտրվածքով:

Ճիշտ է` ներհոսքը որոշակի աճել է, բայց ներհոսք-արտահոսք ցուցանիշը ևս կարևոր է, որի մասին չի խոսվում: Դրական տեղաշարժեր կան զբոսաշրջության ոլորտում, բայց սոցիալական ընդհանուր պատկերը` սկսած ժողովրդագրականից՝ վերջացրած տնտեսականով, ոչ միայն հեղափոխական չէ, այլև ունեն մտահոգիչ կոնկրետ արձանագրումներ:

Օրվա իշխանությունները, ինչպես նախկինները, ոչ թե պետք է թվերը ներկայացնեն դրվագային, մանիպուլյատիվ, այլ համակարգային պիտի իրավիճակը ներկայացվի, պետք է ունենանք կոնկրետ ձևակերպված խնդիրներ, որոնք չկան քաղաքական իշխանության օրակարգում, բայց կան կյանքում: Այսինքն` ներդրումային, արտահանման խնդիրները, պետական բյուջեի ծախսերի, սոցիալական առանձին ծրագրերի, խոստացված բարեփոխումների թերակատարումը, այդ թվում` կուտակային համակարգի: Խնդիրները շատ են, դրանք արմատավորվում են, բայց համարժեք օրակարգեր չկան: Եվ թաքուն պահելով, դրանց մասին չխոսելով՝ դրանք չեն վերանալու ինքնաբերաբար: Հորդորներով աղքատությունը չի վերանա, ներդրումները չեն աճի, զբաղվածությունը չի ավելանա:

Եվ այս ամբողջի մեջ, բնականաբար, գերխնդիրը նա է, որ հստակ ծրագրային ուղենիշ չկա, թե հստակ քայլերով, ոչ թե՝ ցանկություններով՝ որ կետից ուր ենք գնում: Այստեղ վերադառնալով տնտեսական ակտիվությանը՝ ուզում եմ նշել, որ ճիշտ է` 6.8 տոկոսն ավելի լավ է, քան 6 տոկոսը կամ 5 տոկոսը, բայց չգիտես ինչու, չի ներկայացվում, որ նախորդ տարի հունիսին այս ցուցանիշը 9.1 տոկոս է եղել: Համոզված եմ` եթե լիներ 3 տոկոս, կներկայացվեր, որովհետև երբ դրական արձանագրում կա, համեմատելու բան կա, անպայման նախորդ ժամանակահատվածը որպես օրինակ բերում են, բայց երբ արձանագրումները հարմար չեն, թաքցվում են»,- ամփոփեց տնտեսագետը:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս