Հրապարակվել է ճանապարհորդների համար աշխարհի լավագույն շրջանների վարկանիշը
Լիսաբոնում (Պորտուգալիա) գտնվող Սան-Ժորժի-դի-Արոյուշը դարձել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենահետաքրքիր շրջանը: Այդ մասին վկայում են այն վարկանիշի արդյունքները, որը հրապարակել է ճանապարհորդությունների եւ զվարճալիքների մասին պատմող Time Out ռեսուրսը։
Փորձագետների կարծիքով, Արոյուշը բազմամշակութային կենտրոն է, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ փողոցային արվեստի, պատմական արժեքների, աշխարհի տարբեր ժողովուրդների խոհանոցների հետ: Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է Տոկիոյի (Ճապոնիա) Սիմո-Կիտաձավա շրջանը: Կայքում ասվում է, որ այդ վայրը հռչակված է վինտաժային խանութներով եւ տեղի սուր ճաշատեսակներ մատուցող ռեստորաններով: Նրանց հաջորդում է Լագոսի (Նիգերիա) Օնիկանը: Ճանապարհորդներն այս շրջան են ժամանում բազմազան ճարտարապետության համար, որում արտացոլված է քաղաքի պատմությունը՝ գաղութային դարաշրջանի շենքերից մինչեւ արեւմտյան ոճով ժամանակակից վեհակերտ շինությունները:
Չորրորդը դարձել է Բեռլինի Վեդդինգ բազմամշակութային շրջանը: «Այն լի է աշխույժ շուկաներով, ավանդական գինետներով, բազմամարդ հասարակական վայրերով՝ նախատեսված բնակչության ամենատարբեր խմբերի համար: Գերմանական դասական գարեջրատնից մինչեւ անդեգրաունդային արտ-շոուներ, Wedding-ը հենց այն է, ինչը Գերմանիայի մայրաքաղաքին օժտել է առանձնահատուկ էներգետիկայով»,-հայտարարում են վարկանիշը կազմողները:
Հինգերորդ հորիզոնականն զբաղեցրել է Պատմական ֆիլիպինյան քաղաքը Լոս Անջելեսում: Փորձագետներն այդ վայրը համարում են մշակույթների խառնարան, որը, ի տարբերություն քաղաքի բազմաթիվ զարգացող շրջանների, պահպանում է սեփական բնագրական բնույթը: Այս շրջանում է գտնվում Լոս Անջելեսի ամենահետաքրքիր նոր ռեստորաններից մեկը, եւ զբոսաշրջիկները կարող են տեսարժան վայրերը դիտել՝ զբոսանք կատարելով ավանդական ֆիլիպինյան ջիփնիում: