Բաժիններ՝

14 միլիոն դրամ՝ Գրքի երևանյան փառատոնի համար

Գրքի երևանյան փառատոնին ԿԳՄՍՆ-ն կտրամադրի 13 միլիոն 929 հազար 200 դրամ: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Գրքի երևանյան փառատոնի ընթացքում նախատեսվում են ստեղծագործական մրցույթ, հայաստանյան հրատարակիչների մասնակցությամբ գրքերի ցուցահանդես, շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, քննարկումներ, պոեզիայի ընթերցումներ, ֆիլմի դիտումներ, երաժշտական մաս:
ՀՀ ԿԳՄՍՆ-ն Գրքի երևանյան փառատոնի իրականացման համար հատկացնելու է 13929.2 հազար դրամ, որը մասնակի աջակցություն է (ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18000 հազար դրամ)»:

168.am-ը ԿԳՄՍՆ-ից փորձեց ճշտել, թե արդյոք Գրքի երևանյան փառատոնը դրամաշնորհայի՞ն ծրագիր է և պատշաճ հայտարարություն եղե՞լ է մրցույթի մասին:

Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ այն դրամաշնորհային ծրագիր է, և ԿԳՄՍՆ-ն այդ մասին հուլիսի 2-ին հայտարարություն է տարածել:

«ԿԳՄՍՆ-ն հուլիսի 2-ին հայտարարություն էր տարածել նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մշակութային ծրագրի 3-րդ մրցութաշրջանի մասին:  Հայտարարությունը տեղադրվել է նախարարության կայքում: Լավագույն ծրագիրն ընտրել է մասնագիտական հանձնաժողովը»:

«Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը պնդում է, որ դրամաշնորհը ստացել է «Մշակութային հասարակություն» հ/կ-ն, որի հիմնադիրը Հասմիկ Խեչիկյանն է, որն այս պահին հանդիսանում է ԿԳՄՍՆ-ի ենթակայության տակ գործող Հայաստանի ազգային գրադարան ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի պետ, որի գործառույթն է  Մշակույթի նախարարության գրական դրամաշնորհային մրցույթների կազմակերպումը և դրանց ընթացքի և ֆինանսավորման վերահսկումը: Հենց այն, ինչ պետք է աներ Գրքի երևանյան փառատոնի կազմակերպման համար: Մենք հարցրել էինք, թե այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ ԿԳՄՍՆ աշխատակիցը չարաշահել է իր լիազորությունները:

««Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի գործառույթներն առնչվում են այն ծրագրերին, որոնք նախարարությունն իրականացնում է նշված ՊՈԱԿ-ի միջոցով: «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի որևէ աշխատակից որևէ ազդեցություն չի կարող ունենալ ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2019-ի հուլիսի 26-ի N 351-Ա հրամանով հաստատված մասնագիտական հանձնաժողովի որոշման վրա, և գոյություն չունի օրենսդրական այնպիսի սահմանափակում, որ նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմկակերպության աշխատակիցն իր՝ շահույթ չհետապնդող կազմակերպությամբ, մասնակցության հայտ չի կարող ներկայացնել»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս