«Իրաքահայ համայնքը միշտ էլ հարգված ու սիրված գաղութ է եղել». Մելքոն Մելքոնյան
Իրաքի հայ համայնքը հիմնականում կազմավորվել է Հայոց ցեղասպանությունից փրկված տարագիրներով: Հայերն այստեղ ներկայացված են մեծաթիվ առաքելական և փոքրաթիվ կաթոլիկ համայնքներով: Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի Հայոց թեմի առաջնորդն Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանն է, ում առաջնորդությամբ հայ համայնքը ներկայանում է աշխարհիկ ու կրոնական տարբեր շրջանակներում: Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի աթոռանիստն է:
Իրաքահայերը զգալիորեն տուժեցին Իրաքում պարբերաբար սկիզբ առած պատերազմների տարիներին. համայնքը վերաձևումների ենթարկվեց, հազարավոր իրաքահայեր հեռացան երկրից:
168.am-ը Իրաքի Ազգային Կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանի հետ զրուցել է հայ համայնքի կյանքի, հայապահպանության խնդիրների մասին:
– Իրաքում հայերի թիվը պատերազմի տարիներին զգալիորեն կրճատվեց. Քանի՞ հայ կա այսօր Իրաքում:
– Ներկա տվյալներով՝ իրաքահայության թիվը հաշվվում է 5-6 հազար անձ:
– Արդյո՞ք հայ համայնքին հաջողվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո պահպանել իր ազգային կառույցները:
– Այո՛:
– Հայապահպանության մարտահրավերներն ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել. Եկեղեցի, դպրոց, վարժարան ի՞նչ դերակատարում ունեն համայնքում:
– Իրաքի բոլոր շրջանները, ուր հայեր են ապրում, օժտված են հայկական եկեղեցով, ուր կանոնավոր կերպով կատարվում են պատարագ, ժամերգություն և ծիսակատարություն: Բաղդադում՝ Առաջնորդարանին կից, գործում է Ազգային Տարրական վարժարանը, ուր Իրաքի կրթության տնօրինության կողմից որոշված առարկաների կողքին դասավանդվում են Հայոց Լեզու և Կրոն: Հայագիտական առարկաներ դասավանդելու նպատակով՝ մի քանի շրջաններում գործում է Կիրակնօրյա դպրոց: Իրաքահայ համայնքն ունի մարզական և մշակութային միություններ:
– Իրաքի հյուսիսային շրջաններում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հայապահպանության խնդիրներն ինչպե՞ս են կարգավորվում:
– Այս շրջանների բոլոր հարցերը կառավարվում են մի քանի անձերից բաղկացած Թաղական խորհուրդների կողմից, որոնք իրենց հերթին՝ Առաջնորդարանի և Կենտրոնական վարչության հետ համախորհուրդ են գործում: Ինչպես հիշեցինք՝ այս շրջաններն ունեն եկեղեցի և կիրակնօրյա դպրոց:
– Կներկայացնե՞ք իրաքահայ համայնքի հարաբերություններն Իրաքի նոր կառավարության ներկայացուցիչների հետ:
– Իրաքահայ համայնքը միշտ էլ հարգված ու սիրված գաղութ է եղել: Հիշատակության է արժանի, որ թեմիս բարեխնամ առաջնորդը՝ Գեր. Տ. Ավագ արք. Ասատուրյանը, վայելում է պետության բարձրաստիճան այրերի և Իսլամ կրոնապետների հարգանքն անխտիր և փոխադարձ այցելություններով ամրապնդում է այդ հարաբերությունները՝ հայ ազգի վարկը միշտ բարձր պահելով բոլորի մոտ:
– Իսկ հարաբերությունները ՀՀ նոր կառավարության հե՞տ:
– Հարաբերություններն ինչպես անցյալում, հիմա ևս սահմանված են Կրթության և գիտության, ինչպես նաև Սփյուռքի նախարարությունների հետ. մանկավարժները մասնակցում են սփյուռքահայ ուսուցիչների խտացված դասընթացներին, հայ երիտասարդ-երիտասարդուհիներ՝ «Արի տուն- Քայլ Դեպի տուն» ծրագրին:
Զրուցեց Զարուհի Դիլանյանը