
«Ցանկանում եմ մի 30 տարի էլ ներկայացնել, թե ինչ եմ զգացել այդ ժամանակ». Արամ Մանուկյան

Հայաստանի անկախության հռչակագիրն ընթերցած, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանն իր անկախացման գործընթացով տարբերվեց հետխորհրդային բոլոր պետություններից: Հայաստանն իր անկախությանը հասավ ավելի ամուր, հիմնարար, իրավաբանական ճանապարհով՝ հանրաքվեով, ժողովրդի, բոլորի մասնակցությամբ: Այս մասին նա խոսեց Գյումրիում լրագրողների հետ զրույցում:
«Անկախությունը ճանապարհ է դեպի ազատություն: Երջանիկ են այն ժողովուրդները, որոնք բոլորի մասնակցությամբ են դառնում ազատ, այդ առումով մենք երջանիկ ենք, տարբերվում ենք հետխորհրդային բոլոր երկրներից: Միայն Հայաստանը հանրաքվե արեց, մենք կարող էինք օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով բավարարվել, Գերագույն խորհուրդն արդեն հռչակել էր անկախության գործընթացը, բայց մենք գնացինք, հիմնարար, ավելի երկար, իրավաբանական, ավելի ամուր ճանապարհով՝ հանրաքվե արեցինք: Պատմության մեջ միակ դեպքը, երբ ամբողջ ժողովուրդը կերտեց իր ապագան, իր ճակատագիրը: 2 մլն 42 հազար մարդ՝ գրագետ հասուն քաղաքացի եկավ իր երկրի ճակատագրի համար որոշում կայացրեց: Այս առումով հայ ժողովուրդն այն քիչ ազգերից է, որ իր քաղաքացիների միջոցով որոշեց իր ճակատագիրը»,- ասաց Մանուկյանը:
Նա նկատեց՝ ինքը տարվա մեջ երկու անգամ է հարցազրույց տալիս, մեկը՝ օգոստոսին 23-ին, երբ կարդացել է հռչակագիրը և սեպտեմբերի 21-ին, երբ կարդացել է Գերագույն խորհրդի որոշումը:
«Ցանկանում եմ մի 30 տարի էլ ներկայացնել, թե ինչ եմ զգացել այդ ժամանակ. Հպարտություն, պարտք, ոգեղեն լից, որովհետև ես իրականացրել եմ իմ բոլոր զոհված ընկերների, իմ նախնիների երազանքը: 600 տարի պայքար են տվել, որ հասնեն անկախության ու չեն հասել: Եվ դու հասարակ մի մարդ այդ բախտին ես արժանացել, ինչ զգացում պիտի ունենաս: Բառերն աղքատ են ներկայացնելու համար այն, ինչ դու զգում ես»,- ասաց Մանուկյանը:
Մանուկյանը նկատեց՝ անկախությունը հոգեբանական հարց է, եթե մարդը ներսից ազատագրվեց, դրսից խնդիր չունի: «Այն պահին, երբ ինքը զգաց, որ կարող է առանց հովանավոր, առանց տեր ապրել, ուրեմն ինքն ազատ է: Եվ անշուշտ հայ ժողովուրդն ունի իր մեջ այդ կրակը, ոգին: Եվ ոչ միայն հայերը, Աստված բոլոր ազգերի և մարդկանց հոգում դրել է ազատության կրակը»,-ասաց Մանուկյանը: