
«Կառավարությունը պատրաստ է քննարկել HSBC-ի հետ ծրագրերի իրականացման հնարավորությունները». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «HSBC International»-ի Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Հանդիպմանը ներկա էին «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը և «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը և HSBC-ի՝ որպես Հայաստանի բանկային համակարգի առաջատար ներկայացուցիչներից մեկի ներդրումը մեր երկրում բանկային մենեջմենթի մշակույթի զարգացման գործում:
«HSBC International»-ի Եվրոպայի զարգացման գծով տնօրենը գոհունակություն է հայտնել բանկի՝ Հայաստանում ծավալած գործունեության, ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցության վերաբերյալ և նշել, որ HSBC-ն հետաքրքրված է մեր երկրում գործունեությունն ու ծրագրերն ընդլայնելու հարցում:
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացմանը միտված բարեփոխումները և նշել, որ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելը: Այս համատեքստում հեռանկարային կարող է լինել նաև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ HSBC-ն հուսալի գործընկեր է, և կառավարությունը պատրաստ է քննարկել Հայաստանում բանկի ներկայացվածության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: