Չորս հարց՝ Արթուր Վանեցյանին
«Չորս հարց եմ ունեմ տալու Արթուր Վանեցյանին, եթե նա իր քաղաքական գործունեությունը կշարունակի, չնայած, շախմատային լեզվով ասած՝ ձեռք է տվել, պետք է խաղա»,- «5-րդ ալիքի» եթերում երեկ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այդ հարցերն են՝
1. Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը։
2. Այս ընթացքում ի՞նչ հանձնարարականներ է տվել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, կոմպրոմատներ գտնելու, հետապնդելու։
3. Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ իրական հարաբերություններում։
4. Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ Արցախի հարցում։
Վերջինս նշում է, որ, երբ իշխանափոխությունից հետո ինքն ու իր ընկերները հայտնվեցին հանրային դաշտում, բոլորն իրենցից խոստովանություններ էին պահանջում, և իրենք այդ քավարանի միջով անցել են։
«Այո, մենք արել ենք սխալներ, և այդ սխալները հրապարակավ ընդունել ենք ու ներողություն խնդրել։ Այդ սխալները ճակատագրական չէին, այդ սխալներն ընթացիկ էին։ Դրա մասին չի խոսքը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան այս իշխանություններից տարանջատվելով՝ ստանալ քաղաքական հեռանկար և ապագա, իրենց սպասվում է նույն քավարանը»,- ասաց Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը նշում է, որ վերը նշված 4 հարցերն ինքն հանրային դաշտում միշտ կենդանի է պահելու, որովհետև դրանք կարևոր հարցեր են, և դրանք այն հարցերն են, որոնք թույլ են տալու քաղաքական դաշտում, նաև՝ ի դեմս Արթուր Վանեցյանի, հստակություն մտցնել։
«Արթուր Վանեցյանի տեքստն այնպիսին էր, որ նա, կրկնեմ, շախմատային լեզվով ասած՝ պետք է խաղա։ Սպիտակներո՞վ կխաղա, թե՞ սևերով, կփորձի ա՞յլ դիրքավորում ունենալ, իր անձնական որոշելիքն է։ Իր հայտարարությունն անցյալը սրբագրելու, ներկան ֆիքսելու և ապագայի հայտ տալու լավ տեքստ էր։ Տեքստը լավն էր»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։
Գոհար Սավզյան