Պետական ապարատը շարունակում է ուռճացվա՞ծ մնալ
Պետական ապարատի ուռճացվածությունը նախկինում մշտապես եղել է ընդդիմադիրների քննադատության թիրախում։ 2018-ի փոփոխություններից հետո նոր իշխանությունները հայտարարեցին պետական ապարատում օպտիմալացման լուրջ գործընթաց սկսելու մասին։ Կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո մինչ օրս իշխանությունները չեն ամփոփել, թե ի՞նչ արդյունք կա, և արդյո՞ք պետական ապարատն այլևս ուռճացված չէ։ Նոր Հայաստանի 100 փաստերում այս խնդրին չի անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անձամբ վարչապետի աշխատակազմը 2017-ի համեմատ զգալիորեն ավելացել է։ Այսպես՝ եթե 2017 թ. վարչապետի աշխատակազմում կար միջինում 310 աշխատակից, ապա անցած տարի ապրիլից նրանց թիվը հետզհետե ավելացել է՝ գերազանցելով 500-ը, 2019-ին որոշակի նվազել է, սակայն հուլիսին կրկին ավելացել՝ հասնելով 521-ի։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ սա պայմանավորված է կառավարման համակարգի փոփոխությունից հետո վարչապետի աշխատակազմի գործառույթների ավելացմամբ։
«Հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը տեղափոխվում են վարչապետի աշխատակազմ, այդ թվում՝ նաև հաշվի առնելով, որ 6 տեսչական մարմինների կադրային, հաշվապահական և գնումների գործընթացը կազմակերպվում է վարչապետի աշխատակազմի կողմից, այսինքն՝ այնտեղ այդ ամենը կրճատվել է, հետևաբար՝ մեզ մոտ կրճատումներ չեն նախատեսվում, ընդհակառակը՝ միգուցե ավելացումներ լինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում միշտ կա օպտիմալացնելու հնարավորություն։
«Վարչապետի աշխատակազմն այլևս նախորդ կառավարության աշխատակազմը չէ։ Այն, ըստ էության, իրականացնում է նախկին 2 մարմինների գործառույթ՝ նախագահի և վարչապետի աշխատակազմերի։ Ընդ որում՝ երբ այդ միացումը տեղի ունեցավ, համեմատ նրա, թե ինչքան աշխատող կար նախագահականում և կառավարության աշխատակազմում, միացման արդյունքում այդ թիվն այն ժամանակ կրճատվեց։ Հաստիքների թիվը չկրճատվեց, բայց փաստացի աշխատողների թիվը կրճատվեց, և նաև դրա արդյունքում մենք որոշակի խնայողություններ ունեցանք»,- հավելեց Է.Աղաջանյանը։
ՀՀ նախագահի աշխատակազմը, իրոք, զգալի կրճատվել է. 2017 թ. 330-340 աշխատակցի փոխարեն՝ այս տարվա օգոստոսի դրությամբ 125 մարդ է աշխատում։ Որոշակի կրճատումներ եղել են նաև մյուս գերատեսչություններում, օրինակ՝ Ազգային ժողովում՝ 2017-ի 820-ի փոխարեն՝ 2019-ի հուլիսին՝ 675 աշխատակից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը թեև ավելի գործառույթներ է ստացել և դարձել Էկոնոմիկայի նախարարություն, բայց աշխատողները կրճատվել են՝ 300-ից դառնալով 210, Քաղավիացիայի կոմիտեում 2017-ի 60 աշխատակցի փոխարեն՝ այժմ 49-ն է, ԱԳՆ-ն այս 2 տարում պահպանել է աշխատակիցներին, նույնիսկ մոտ 20-ով ավելացրել՝ դարձնելով 560։
Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պետական ապարատի ուռճացվածությունը գնահատելու համար ուսումնասիրություն է պետք իրականացնել՝ արդյոք կա՞ն կրկնվող գործառույթներ, որևէ ստորաբաժանում այլ ստորաբաժանման հետ միասին ունի՞այնպիսի գործառույթների ծավալ, որ կարելի է իրականացնել ավելի քիչ քանակով. «Առանց այս ուսումնասիրության՝ չենք կարող դատողություն անել ուռճացվածության մասին։ Այդպիսի ուսումնասիրություն չի արվել, կայացվել է նախարարությունների միացման քաղաքական որոշում, և գործընթացն այդպես է գնացել»։
Նրա խոսքով՝ զարգացած երկրներում պետությունը զգալիորեն բեռնաթափել է հասարակական հարաբերությունների կառավարման գործառույթները և ավելի քիչ ոլորտներ է կառավարում, մի շարք կարգավորիչ ֆունկցիաներ պատվիրակված են մասնավոր կազմակերպությունների. «Պետությունն աութսորս է անում, իր գործառույթների մի մասն ապակենտրոնացնում է ՏԻՄ-երին, մի մասը՝ մասնավոր կազմակերպություններին։ Մինչդեռ մեզ մոտ պետությունը շարունակում է իրականացնել այդ բոլոր գործառույթները։
Կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի շրջանակներում մեզ մոտ ձևավորվեցին ՊՈԱԿ-ները, որոնք մասնագիտական ծառայություններ պետք է մատուցեին, դրանց զուգահեռ՝ շուկան պետք է ձևավորեր մասնավոր ընկերություններ, որոնք այդ նույն մասնագիտական ծառայությունները կմատուցեին մրցակցային հիմունքներով։ Այդ գործընթացները լիարժեքորեն չընթացան։ ՊՈԱԿ-ները նաև ինքնուրույն պետք է դառնային, բայց մինչև վերջերս շարունակեցին իրենց գործունեությունը պետության ֆինանսավորմամբ, և պետական համակարգը շարունակեց կրել բավականին մեծ բեռ՝ բյուջեից ֆինանսավորման առումով։
Անհրաժեշտ էր կառավարման համակարգի փոփոխությանը զուգընթաց՝ նաև բովանդակությամբ լցվեին դրանք, միս ու արյուն ստանային, որպեսզի հնարավոր լիներ պետությունից բեռնաթափել այդ ֆունկցիաները։
Պետությունը պետք է ուղղակիորեն ամեն ինչ կառավարողի դերից անցում կատարի ընդամենը համակարգողի, խաղի կանոններ սահմանողի, պահպանողի ու վերահսկողի ֆունկցիայի։ Այս գործընթացի աղճատումը շարունակում է պետության վրա բավականին ծանր բեռ մնալ»։