«Իշխանափոխության գործընթացը սկսում է մեկնարկել. Վանեցյանը կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին». Արմեն Բադալյան

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայնով: ԼՀԿ-ն առաջարկում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնների համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Փորձագիտական շրջանակները սա համարում են յուրահատուկ ծառայություն իշխանություններին: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ևս այդ կարծիքին է:

168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ օրենքի տրամաբանությունն անիմաստ է. «Նախարարը հաշվետու է ԱԺ-ին, թեպետ հաստատումը կատարվում է վարչապետի միջնորդությամբ նախագահի կողմից, և որպեսզի ԱԺ-ում հաշվետվությունը տեղի չունենա, և այդ կառույցը շարունակի լինել հաշվետու միայն վարչապետին, «Իմ քայլը» ոչ թե ինքն անձամբ այդ նախագիծը բերեց, որովհետև կասեին՝ վարչապետը պետական կառավարման համակարգը համապատասխանեցնում է իր ցանկություններին, այլ օգնության հասավ «Լուսավոր Հայաստանը»՝ մերօրյա իշխանությունների նոր ՕԵԿ-ը: Այս օրենքը ծառայում է միայն վարչապետին, որովհետև հիմա վարչապետը քաղաքական գործիչների կարող է դնել այս կառույցների ղեկավար»:

Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, Բադալյանն ասաց, որ սա նախապես հաշվարկված քայլ էր.

«Սա կարող ենք այլ գործընթացի մեկնարկ համարել: Իշխանությունները չունեն առաջ նայող օրակարգ, ետ նայող օրակարգ է, և այդ օրակարգի կոնտեքստում երկրորդ բևեռը փաստորեն սկսեց ձևավորվել երկրորդ նախագահի շուրջ: Հայաստանի ներքաղաքական կոնֆիգուրացիան ստացվում էր՝ կա՛մ գործող իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կա՛մ Երկրորդ նախագահը՝ իրեն աջակցող ուժերով: Սա բավականին լավ վիճակ էր ստեղծում վարչապետի համար, որովհետև ինչքան էլ վարչապետին դեմ լինեն, այնուամենայնիվ, Երկրորդ նախագահը երբեք չէր կարող նրան այլընտրանք լինել:

ԱԱԾ տնօրենի հեռանալով պետական կառավարման համակարգից՝ որոշակի ռեսուրսների առկայության դեպքում, իսկ այդ ռեսուրսների մի մասը կա, մի մասը կարող է ստեղծվել, ԱԱԾ տնօրենը կարող է դառնալ այն այլընտրանքային բևեռը, որը կարող է շատ հանգիստ փոխարինելու գալ իշխող քաղաքական ուժին: Իշխող քաղաքական ուժն ինչքան էլ փորձի նրան կապել նախկին կոռուպցիոն համակարգի հետ, ինչն արդեն տեսնում ենք, դա իր մոտ չի ստացվելու: Փաստացի, խորհրդարանից դուրս կարող է ձևավորվել մի նոր բևեռ՝ բավականին հեղինակավոր գործչի՝ ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ»:

Քաղտեխնոլոգն ընդգծեց՝ նման բևեռներ ձևավորվում են ոչ թե նրա համար, որ մասնակցեն 2023թ. խորհրդարանական ընտրություններին, այլ՝ ավելի արտահերթ գործընթացների մասնակցելու համար.

«Ես ենթադրում եմ, որ ԱԱԾ տնօրենի՝ քաղտեխնոլոգիական տեսանկյունից բավականին գրագետ գրված և ճիշտ ժամկետին մատուցված հրաժարականի տեքստը տեղավորվում է այս գործընթացի մեջ, այլ ոչ թե, որ նրա վարկանիշն ավելի բարձր էր, քան վարչապետինը, դրա համար հեռացվեց: Իշխանափոխության գործընթացը սկսում է մեկնարկել: Իսկ հաշվի առնելով, որ ԱԱԾ տնօրենն ունի ՌԴ քաղաքական իշխանության աջակցությունը՝ ի տարբերություն վարչապետի, որը ոչ միայն ՌԴ-ի, այլև՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությունն այս պահին չունի, Վանեցյանն ունի վարչական ռեսուրսի հետ կապեր, և նրա համար ֆինանսավորում գտնելն ու քաղաքական դաշինքներ ձևավորելը տեխնիկայի և ժամանակի հարց է դառնում»:

Արմեն Բադալյանը նկատեց՝ ամենևին պատահական չէր, որ Վանեցյանը հրաժարականի մասին հայտարարեց հենց այն ժամանակ, երբ ընթանում էր Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը.

«ԱԱԾ տնօրենի հրաժարականի տեքստն ընդգծված քաղաքական էր, իսկ նման տեքստեր գրվում և մատուցվում են միայն այն ժամանակ, երբ դու ուզում ես շռնդալից ձևով մի վայրից դուրս գալ և մի ուրիշ տեղ մտնել: Մենք տեսանք վարչապետի խիստ արձագանքը, իշխանությունները սկսեցին գործողություններ ԱԱԾ տնօրենի դեմ՝ փորձելով նրան կապել հին կոռուպցիոն համակարգի հետ, փորձում են նրան որպես մանկլավիկ ներկայացնել՝ հարցադրում անելով, թե ով է նրա համար տեքստեր գրում: Մենք տեսնում ենք, որ իշխանությունները հասկացան՝ իրենք գործ ունեն ինչ-որ քաղաքական գործընթացի հետ»:

Մեր հարցին՝ այսինքն՝ սա նախապես հաշվարկված, պլանավորված քա՞յլ էր, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Այո: Եթե ուշադրություն դարձնեք՝ այս երկու-երեք օրն ինչ-որ կտրուկ իրադարձություն տեղի չէր ունեցել, որից նրա համբերության բաժակը լցվեր: Եթե Վանեցյանն իր հրաժարականի մասին հայտարարեր Փաշինյանի ասուլիսից մեկ օր առաջ, ապա այդ տեքստը վարչապետը կփորձեր ասուլիսի ընթացքում հօգուտ իրեն օգտագործել: Այն, որ ԱԱԾ տնօրենի և վարչապետի միջև խնդիրներ կային, դրա մասին արտահոսքեր իրականացվել էին մամուլում, և սա շատ լավ մտածված քայլերի հերթականություն էր: Սկզբում դու տալիս ես այդ արտահոսքը, երբ վարչապետը մամուլի ասուլիս է կազմակերպում, դու իրականացնում ես քո շռնդալից քաղաքական տեքստը: Երեկ ԱԱԾ տնօրենի հրաժարականի թեման լրատվության թոփերում էր, և ամբողջովին ծածկեց վարչապետի մամուլի ասուլիսը»:

Տեսանյութեր

Լրահոս