Ինչո՞ւ հրաժարական տվեց Արթուր Վանեցյանը, և ո՞վ է նրան փոխարինելու

Արթուր Վանեցյանը հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշման մասին:

168.am-ի տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ տնօրենն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ բովանդակությամբ խոսակցություն են ունեցել. Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին ասել է, որ ԱԱԾ-ն պետք է նյութեր հավաքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՍԴ նախագահի և դատավորների դեմ, բայց Վանեցյանը հրաժարվել է: Վանեցյանն ասել է, որ հնարավոր չէ այդպես շարունակել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը Վանեցյանին մեղադրել է նախկինների կողմն անցնելու մեջ: Վանեցյանն էլ հակադարձել է՝ ասելով, որ արդեն իսկ Փաշինյանի այս կամ այն հրահանգների պատճառով բազմաթիվ օրենքներ է շրջանցել և չի պատրաստվում այլևս նման քայլերի գնալ։

168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունների ցանկալի թեկնածուն ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը։

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2002-ի հուլիսի 22-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվել էր գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից:

Արթուր Վանեցյանն իր հրաժարականի հայտարարության մեջ մասնավորապես ասել է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Տեսանյութեր

Լրահոս