Գյումրին այն քաղաքն է, որտեղից ես վերցրել եմ իմ երաժշտությունը. Տիգրան Մանսուրյան
«Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի ավարտն ազդարարվեց Գյումրիում՝ «Սև բերդ» ամրոցում սեպտեմբերի 13-ին: ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարի համերգները սեպտեմբերի 1-13-ը տեղի էին ունեցել նաև Երևանում և Ստեփանակերտում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, առաջին անգամ ներկայացրեց կոմպոզիտորի հայտնի մեղեդիները նոր գործիքավորմամբ։ Համերգների ընթացքում հնչեցին Մանսուրյանի կինոերաժշտությունը, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։
Համերգաշարի ավարտն ազդարարվեց Գյումրիում՝ «Սև բերդ» ամրոցում: Մաեստրոյի ստեղծագործությունների հազարավոր սիրահարների հետ միասին հոբելյանական երեկոյին ներկա էին նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի, Գյումրու, Վանաձորի քաղաքապետերը, պաշտոնատար այլ անձինք ու պարզապես Մանսուրյանի արվեստի սիրահարները: Համերգի ընթացքում հնչեց Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, դիրիժոր Ռուբեն Ասատրյան:
Մանսուրյանին Շիրակ աշխարհի հետ բարի ու ջերմ հիշողություններ են կապում. Բեյրութից Մանսուրյանների ընտանիքը ժամանակին հենց Շիրակ է ներգաղթում։ Գյումրիում է մաեստրոն ստանում իր առաջին երաժշտական կրթությունը։ Երբեք մեծանուն կոմպոզիտորն առիթը բաց չի թողնում խոսելու ու շնորհակալություն հայտնելու այն քաղաքին ու մարդկանց, ովքեր մեծ դեր են ունեցել իր՝ երաժշտական ճաշակի ձևավորման գործում:
«Ես էապես այս հանրության մի մասն եմ: Այնքան թանկ հիշատակներ ունեմ ես այստեղ մարդկանց հետ կապված: Նրանք, ովքեր բեկումնային դարձրեցին իմ կյանքը: Այնքան դեմքեր ու անուններ կան…Ես խորապես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ուզեցին, որ ես այսօր այստեղ կանգնեմ՝ 40, 50 տարի անց: Նրանք՝ ոչ մեկն անհետ չեն անցել, նրանց մասին ես պատմել եմ իմ երաժշտության մեջ: Ես 1964 թվականին մտա կինոաշխարհ դրանք փոքր ֆիլմեր էին, իսկ 5 տարի հետո եղավ ոչ ավելի- ոչ պակաս Փարաջանովի «Նռան գույնը», «Մենք ենք մեր սարերը» և այլն, ու շատ շուտով ես տեսա, որ իմ ֆիլմերի թիվը 100-ն անցել է: Այդ ֆիլմերի երաժշտությունը ես այստեղից եմ տարել՝ այն իրականությունից, որ ես ապրել եմ այստեղ՝ այս քաղաքում ու Արթիկում: Այս երաժշտությունը ես չեմ հնարել, դրանք գոյություն են ունեցել, իրական են, ես ընդամենը բերել եմ դրանք երաժշտության աշխարհ»,-համերգի ավարտին նշեց մաեստրոն:
Համերգաշարն առիթ է դարձել, որ նորովի նոտագրվեն և հրատարակվեն մաեստրոյի կինոգործերը։ Սա հատկապես ուրախացրել էր մաեստրոյին. «Մի ամբողջ երաժիշտների խումբ է միացել այս գործին՝ նորոգել, գործիքավորել, ընտրել, ֆիլմերից հանել հատվածներ: Աշխատել ենք բոլորով միասին: Մեծ աշխատանք է կատարված»:
Համերգի ավարտին ի նշան երախտիքի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Տիգրան Մանսուրյանին նվիրեց Գյումրու խորհրդանիշները՝ գերբը, ֆայտոնի մանրակերտը, ինչպես նաև շնորհակալագիր՝ բոլոր գյումրեցիների անունից:
Համերգի ողջ հասույթը կտրամադրվի Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցներին՝ երաժշտական գործիքների ձեռքբերման և Մանսուրյանի անվան աշակերտական կամերային նվագախմբի ստեղծման նպատակով:
Համերգաշարը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Արմենուհի Մխոյան