«Գործող իշխանությունները կոնկրետ այդ հարցով հերթական անգամ դրսևորում են իրենց իրական վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ». Ռուբեն Մելիքյան
Գործադիրը երեկ հաստատեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները։
Գործող օրենսդրությամբ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, և դա տարածված միջազգային պրակտիկա է։ Առաջարկվող փոփոխությամբ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն ցանկացած անձի նկատմամբ, որը քննչական մարմինների ենթադրությամբ կարող է ընդհանրապես որևէ կերպ առնչվել գործին, դրանք կարող են լինել տասնյակ մարդիկ, որոնց վերաբերյալ քննիչը «հիմնավոր» կասկած ունի։
«Արդյոք սա խնդիր չէ՞ մարդու իրավունքների տեսանկյունից» հարցի պատասխանը 168.am-ը փորձեց ստանալ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանից։
Վերջինս նշեց, որ գործող իշխանությունները կոնկրետ այդ հարցով հերթական անգամ դրսևորում են իրենց իրական վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ, և եթե նրանք կարծում են, որ Հայաստանում միայն իրենց մտքով է անցել, որ կարելի էր հեշտացնել բանկային գաղտնիքի հետ կապված տեղեկատվության ձեռքբերումը քրեական հետապնդման մարմինների կողմից, չարաչար սխալվում են։
«Երկար տարիներ նույն գաղափարները քրեական հետապնդման մարմինները փորձում էին առաջ տանել, սակայն դա նրանց չէր հաջողվում, և դրանով մեր քաղաքացիները պաշտպանված էին, այդ թվում՝ պաշտպանված էին նաև նախկինում ընդդիմադիր գործունեություն ծավալող մեր այսօրվա իշխանավորները։ Եվ հիմա նրանք, փաստորեն, ռեպրեսիվ միջոցներ են ձեռնարկում այսպիսի օրենսդրական փոփոխությամբ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Արցախի նախկին ՄԻՊ-ը հատուկ ընդգծում է, որ ինքնին նպատակը չի կարելի ոչ իրավաչափ համարել։ Այն իրավաչափ է կոնկրետ տեսակի հանցագործությունների (կոռուպցիայի դեմ պայքար, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար) մասերով ունենալ ավելի թիրախային հնարավորություններ, ձեռք բերել այդ տեղեկությունները։ Այս խնդիրը լեգիտիմ խնդիր է, բայց այն միջոցները, որ կիրառվում են, շատ ավելի լայն են և համարժեք երաշխիքներ չեն ենթադրում։
«Մի պարզ օրինակ։ Որևէ անձի, ում բանկային գաղտնիքը փորձ է կատարվում սահմանափակել, և քննվող հանցագործության միջև կապը վարույթն իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի ցույց տալ, և պետք է ցույց տա նաև, որ կոնկրետ այս գործը կապ ունի իմ կողմից նշված հանցագործություններից որևէ մեկի հետ։ Դրա փոխարեն՝ ինչ-որ հանցագործությունների շրջանակ է նշվել։ Օրինակ՝ սպանությունը։ Մենք գիտենք, որ սպանությունների ճնշող մեծամասնությունը որևէ առնչություն չունի նշված հանցագործությունների հետ։ Ինչո՞ւ ենք մենք սպանությունը ներառում»,- տարակուսում է Ռուբեն Մելիքյանը։
Նա կարծում է, որ օրենսդրական տեխնիկան, որն ընտրված է, կամա թե ակամա բերում է նրան, որ մենք ուղիղ գործ ունենք լրջագույն չարաշահման վտանգի հետ։
Բացի դրանից, շատ դեպքերում անձը հնարավորություն չի ստանում իր շահերն արդյունավետորեն պաշտպանել, դիմել վերադաս դատարան և, օրինակ, հետո բարոյական վնասի հատուցում պահանջել իր իրավունքները խախտելու համար։ Որովհետև կարելի է անվերջ ստուգել, և եթե ոչինչ չբացահայտվի, անձը կարող է ոչինչ չիմանալ այդ ամենի մասին, օրինակ՝ գործը կասեցված մնա երկար ժամանակ։
«Ավելին, օրենքի կարգավորումն այնպիսին է, որ, եթե վարույթն իրականացնող մարմինը որևէ կրիմինալ չի հայտնաբերում անձի բանկային հաշիվներում, և, օրինակ, քրեական գործը կարճվում է, ապա նա դրա մասին երբեք էլ չի իմանա։ Անձին տեղեկացնելու պարտականությունը նախատեսված է միայն այն դեպքում, երբ քրեական հետապնդումը հաջողություն է ունենում վարույթն իրականացնող մարմինների համար, և մեղադրական եզրակացություն է կազմվում, որպեսզի գործն ուղարկվի դատարան»,- նշում է Ռուբեն Մելիքյանը։
Ըստ բանախոսի՝ սա ուղղակի նշանակում է, որ շատ դեպքերում անձը կարող է չիմանալ էլ իր իրավունքների սահմանափակման մասին և չկարողանալ դա բողոքարկել։ Ինչը նշանակում է, որ դատարանը կարող է մտածել, որ, եթե անգամ ապօրինի թույլտվություն տա, ապա հնարավոր է, որ դա չբացահայտվի, մինչդեռ դատարանը պետք է իմանա, որ միևնույն է, ինչ-որ մի օր այդ ամենն անձի համար պետք է հայտնի դառնա, և իր ենթադրյալ խախտումն անհետևանք կարող է չմնալ։
«Ի դեպ, որպես փաստարկ՝ բերվում է, որ այդպիսի համաձայնություն տալիս են գլխավոր դատախազը և նրա տեղակալները։ Ի՞նչ տարբերություն կա՝ գլխավոր դատախազը և տեղակալնե՞րն են տալիս, թե՞ սովորական դատախազները։ Նրանք մեկ միասնական կառույցի ներկայացուցիչներ են։ Եվ այն, որ այս մեխանիզմը բարձրացվում է՝ որպես կարևոր երաշխիք, ես համարում եմ պատրանքային դրույթ»,- ասաց Արցախի նախկին ՄԻՊ-ը։
Մեր այն հարցին, թե վտանգ չկա՞ արդյոք, որ այս օրենքի ընդունումը գործիք կդառնա որևէ իշխանության ձեռքում թիրախավորված, իրենց համար անցանկալի որևէ անձի համար խնդիրներ ստեղծելու համար, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ նման հարցերի շատ հեշտ է պատասխանելը։
«Տեսական վտանգի մասին խոսելու փոխարեն՝ մենք կարող ենք տեսնել, թե ինչպիսի՞ն է վարքագիծը մեր իրավապահ մարմինների, որն ուղղորդվում է մեր քաղաքական իշխանությունների կողմից։ Սա ցույց է տալիս, որ մարդիկ նոր գործիք են ստանում և ավելի մեծ չարաշահումներ կարող են իրենց թույլ տալ։ Միայն այնպիսի բարձր պաշտպանությամբ օժտված անձի, ինչպիսին դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապվածը՝ բավարար է, որ մեր հասարակությունն էլ ավելի մեծ երաշխիքներ պահանջի, մինչդեռ այդ երաշխիքներն էապես նվազեցվում են»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ