Ոչ մի կոնկրետ բան չի առաջարկվել. «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորման հարցը դեռ օդում կախված է
Հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը. երիտասարդ գիտնականների փոխանցմամբ՝ պատճառը հիմնական ֆինանսական խողովակ հանդիսացող Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել: Այսինքն, ԵԳԱԾ-ի ֆինանսավորումը չի դադարեցվել, պարզապես որպես կառույց՝ չի կարողանում ֆինանսավորումը բաժանել իր շահառուներին:
«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հարցը դեռ չի լուծվել, սպասողական վիճակում են:
«Տարբեր քննարկումներ են եղել, բայց ոչ մի կոնկրետ բան մեզ հետ չի քննարկվել և չի առաջարկվել: Որոշողը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, իսկ նրանք հայտնում են, որ դեռ նորություն չկա: Խոսակցություն կար, որ սեպտեմբերին ցանկանում են ինչ-որ հիմնադրամ բացել, և ենթադրվում էր, որ ԵԳԱԾ-ն այդ հիմնադրամի կազմում կսկսի աշխատել՝ ֆինանսական խողովակը դա կլինի, բայց սրանից էլ դեռ նորություն չկա: Կարճ ասած՝ սպասողական վիճակ է, իրենք էլ չգիտեն, թե ի՞նչ մեխանիզմով են «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագիրը գործարկելու»,- ասաց Արթուր Մովսիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ հիմնական ծրագրերից էին՝ արտերկրում գիտաժողովների մասնակցությունը, ՀՀ-ում միջազգային գիտական միջոցառումների կազմակերպումը, ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների համար գումարի տրամադրումը, հոդվածների խրախուսման ծրագիրը, գրքերի տպագրությունը, դրամաշնորհային համագործակցությունը, սարքավորումների ձեռքբերումը:
«Մարդիկ սպասումներ ունեին, որոնք չարդարացան: Դրական ենք տրամադրված, հուսանք՝ հարցը կլուծվի»,- հավելեց «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչը:
Ավելի վաղ 168.am-ը ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք այս հարցին որևէ լուծում գտնվել է:
«Չեմ կարող ասել, որ 100 միլիոն դրամն այնպիսի մեծ գումար է, որ հանկարծ եթե չլինի՝ հայկական գիտությունը դրանից կործանվելու է, ինչպես իրենք են ներկայացնում: Այդպիսի բան չկա: Երիտասարդական ծրագրերի քանակով և որակով Հայաստանի չափ ծրագրեր ԱՊՀ ոչ մի երկիր չի անում: Մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել, բայց հետևյալ ձևով. գոյություն ունեն համապատասխան մշակված կարգեր, որոնցով իրականացվում են մրցույթներ:
Պետական բյուջեի գումարները հասարակական կազմակերպությանը տալու իրավունք չունեմ, որպեսզի իրենք ինչպես ցանկանան՝ ծախսեն: Դեմ չենք, որ այդ երիտասարդական կառույցի անդամները գան, մասնակցեն մրցույթի, լինեն հանձնաժողովի անդամներ: Այս դեպքում գումարը կտրամադրենք, որպեսզի ինչ-որ ձևով կարողանան որոշակի մենեջմենթ ապահովել: Կարող ենք քննարկել, որոշակի ձևաչափ ընտրել, որը հարմար կլինի և՛ իրենց, և՛ մեզ, և մեծ հաճույքով պատրաստ ենք աշխատել. համագործակցել»,- նշել էր ՀՀ գիտության կոմիտեի նախագահը:
Անի Կարապետյան