«Պետական բյուջեի գումարները հասարակական կազմակերպությանը տալու իրավունք չունեմ». Գիտության կոմիտեի նախագահը՝ ԵԳԱԾ-ին ֆինանսավորելու մասին
Երիտասարդ գիտնականները հուլիսի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել էին, որ հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը, պատճառը, ըստ նրանց, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը:
«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանի փոխանցմամբ էլ՝ ԵԳԱԾ-ի ֆինանսավորումը չի դադարեցվել, պարզապես որպես կառույց՝ չի կարողանում ֆինանսավորումը բաժանել իր շահառուներին:
«Ֆինանսավորումը կա, պետբյուջեից ստանում են, այն չի դադարեցվել: Խնդիրը տեխնիկական է ու կապված է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» (ՀԵՀ) հետ: Եղել է մաքուր հաշվապահական գործ: ՀԵՀ-ը պայմանագիր է կնքել գիտնականների հետ, փոխանցել գումարը, ներկայացրել ֆինանսական հաշվետվություն, քանի որ ԵԳԱԾ-ն իրավաբանական մարմին չէր: Հիմնադրամի գործունեության դադարեցումից հետո չկար այն մարմինը, որը կստորագրեր, որպեսզի գումարը փոխանցեին: Երբեք այս մեկ տարվա մեջ «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի» գործունեության կասեցման ակնարկ չի արվել: Խնդիրը հիմնադրամն առողջացնելու մեջ էր: Մենք պարզապես կորցրեցինք մեկ տարի: Երիտասարդ գիտնականների մոտ ինչ-որ սպասումներ չարդարացան, ինչը ցավալի է»,- ասել էր Արթուր Մովսիսյանը:
168.am-ը ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս հարցին որևէ լուծում գտնվել է:
«Չեմ կարող ասել, որ 100 միլիոն դրամն այնպիսի մեծ գումար է, որ հանկարծ եթե չլինի՝ հայկական գիտությունը դրանից կործանվելու է, ինչպես իրենք են ներկայացնում: Այդպիսի բան չկա: Երիտասարդական ծրագրերի քանակով և որակով Հայաստանի չափ ծրագրեր ԱՊՀ ոչ մի երկիր չի անում: Մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել, բայց հետևյալ ձևով. գոյություն ունեն համապատասխան մշակված կարգեր, որոնցով իրականացվում են մրցույթներ:
Պետական բյուջեի գումարները հասարակական կազմակերպությանը տալու իրավունք չունեմ, որպեսզի իրենք ինչպես ցանկանան՝ ծախսեն: Դեմ չենք, որ այդ երիտասարդական կառույցի անդամները գան, մասնակցեն մրցույթի, լինեն հանձնաժողովի անդամներ: Այս դեպքում գումարը կտրամադրենք, որպեսզի ինչ-որ ձևով կարողանան որոշակի մենեջմենթ ապահովել: Կարող ենք քննարկել, որոշակի ձևաչափ ընտրել, որը հարմար կլինի և՛ իրենց, և՛ մեզ, և մեծ հաճույքով պատրաստ ենք աշխատել. համագործակցել»,- նշեց ՀՀ գիտության կոմիտեի նախագահը:
Անի Կարապետյան