Ամերիկյան «բազեն» հեռացավ. Ի՞նչ է սպասվում տարածաշրջանին և հայ-ամերիկյան հարաբերություններին

Սեպտեմբերի 10-ին իր հրաժարականը ներկայացրեց Սպիտակ տան գլխավոր «բազեն»՝ ԱՄՆ նախագահի Անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով համակարգում էր ԱՄՆ հակաիրանական քաղաքականությունը, մասամբ՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները և ԱՄՆ արտաքին քաղաքականության՝ մի շարք այլ ուղղություններով վարվող քաղաքականությունը: Նախորդ տարեվերջին ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հակաիրանական քաղաքականության կոնտեքստում այցելեց նաև Հարավային Կովկաս, այդ թվում՝ Հայաստան, որտեղ հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների հետ: «168 Ժամը» Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ զրուցել է հրաժարականի պատճառների և ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունների շուրջ:

– Պարոն Սարգսյան, միջազգային մամուլի ամենաքննարկվող թեման ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականն է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Բոլթոնին խնդրել է հրաժարական ներկայացնել՝ նրա հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Ի՞նչ խնդիր է լուծում ԱՄՆ նախագահը՝ Բոլթոնին հեռացնելով ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հենց այս փուլում:

– Բոլթոնն ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական նշանակվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը բավականին կոշտ դիրքորոշում ուներ Իրանի նկատմամբ: Ուստի Բոլթոնի նշանակումը շատ տրամաբանական էր, քանի որ նա հայտնի էր իր կոշտ և ագրեսիվ դիրքորոշմամբ Իրանի նկատմամբ: Ի դեպ, ոչ միայն Իրանի, այլև Վենեսուելայի նկատմամբ, և հենց այս ժամանակ նրա նշանակումն այս պաշտոնում կարող էր նշանակել Թրամփի ադմինիստրացիայի կոշտ քաղաքականության վերահաստատում և շարունակականության ապահովում Իրանի նկատմամբ: Ըստ էության, դա հենց այդպես էր:

Վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ-ը սկսել է տարբեր մակարդակներով ուղերձներ փոխանցել Իրանին, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ տարբեր հարցերի շուրջ, ուստի այս առումով Բոլթոնի մնալը (եթե իսկապես հաստատվի, որ ԱՄՆ-ը պատրաստվում է բանակցել Իրանի հետ) անիմաստ կլիներ: Կարծում եմ՝ սա ևս հաշվի է առնվել Բոլթոնի հրաժարականի համար, հաշվի է առնվել նաև ընդհանուր առմամբ նրա կոշտ և ագրեսիվ կեցվածքը, որովհետև ԱՄՆ նախագահը, ըստ ամերիկյան մամուլի, նրան մի քանի անգամ մեղադրել է նրանում, որ Բոլթոնը ցանկանում է բոլոր երկրներին ռմբակոծել, իսկ ԱՄՆ նախագահին ներկայումս, ինչպես երևում է, դա պետք չէ: Ինչպես նաև նա առավելապես հայտնի է իր բանակցողի իմիջով, Թրամփը հայտնի է՝ որպես արդյունավետ և պրոֆեսիոնալ բանակցող:

Բոլթոնի հեռանալու պատճառները շատ տարբեր են: Դրանցից մեկը կարող է լինել նաև Վենեսուելան, որովհետև վենեսուելական պորտֆելն ԱՄՆ Անվտանգության խորհրդում էր, և Մադուրոյի դեմ արշավը, մեծ հաշվով, կազմակերպված էր և համակարգվում էր Բոլթոնի կողմից: Այս հարցում ևս Բոլթոնն ագրեսիվ դիրքորոշում ուներ, բայց քանի որ Վենեսուելայում առանձնապես փոփոխություններ, զարգացումներ չեղան, սա, կարծում եմ, ևս հիասթափություն է առաջացրել Թրամփի մոտ: Չմոռանանք նաև, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրում էր Բոլթոնին նրանում, որ վերջինս մահափորձ է կազմակերպել իր դեմ: Այնպես որ՝ շատ են խնդիրները, որոնց պատճառով Բոլթոնը կարող էր հեռանալ, և կարծում եմ՝ մոտ ժամանակներս, կախված Իրանի հետ հարաբերությունների բարելավման միտումներից, մենք արդեն կտեսնենք փոփոխություններ, կտեսնենք փոփոխությունների դինամիկան, և ըստ այդմ էլ տրամաբանական նշանակում կլինի այդ պաշտոնում:

– Շատ մեկնաբանություններ կան, որ ՄԱԿ ԳԱ-ին ընդառաջ՝ այս որոշումը կարող է նպաստել, որպեսզի Թրամփ-Ռուհանի հանդիպում տեղի ունենա, կամ վերսկսվեն բանակցությունները: Հնարավո՞ր է նման սցենար նման կարճ ժամանակահատվածում:

– Չեմ բացառում: Բայց միևնույն ժամանակ՝ պետք է հաշվի առնենք, որ Իրանը Հյուսիսային Կորեա չէ և ճնշումների տակ բանակցությունների գնացող պետություն չէ: Իրանի հետ չի կարելի խոսել կոշտ և ագրեսիվ դիրքերից ու հետո հրավիրել բանակցությունների, որովհետև Իրանի մոտ դա չի անցնի: Ես չեմ բացառում հանդիպումը, չեմ բացառում նաև, որ բանակցություններ կան երրորդ պետությունների միջնորդությամբ, ենթադրենք՝ Գերմանիայի կամ Ֆրանսիայի միջոցով: Իհարկե, սրանք թե համաշխարհային անվտանգության, և թե մեր տարածաշրջանի համար չափազանց լավ ելքով բանակցություններ կարող են լինել, եթե բանակցությունները հաջողվեն, հարաբերությունները կարգավորվեն և պատժամիջոցները դուրս գան: Ինչևէ, պետք է սպասել ևս մի քանի օր, որովհետև լրատվական հոսքերն այս թեմայի շուրջ առանձնապես շատ չեն:

– Բոլթոնի հրաժարականն ինչպիսի՞ լուր է հայ-ամերիկյան հարաբերությունների համար՝ հաշվի առնելով վերջին ամիսներին շրջանառվող այն տեղեկությունները, որ Հայաստանը ենթարկվել է ճնշումների ԱՄՆ հակաիրանական քաղաքականության կոնտեքստում: Ընդհանուր առմամբ, հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից՝ սա դրակա՞ն, թե՞ բացասական լուր է:

– Չեմ կարծում, որ Բոլթոնի հեռանալը դրական կամ բացասական լուր է հայ-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստում, քանի որ Հայաստանի ուղղությամբ քաղաքականությունն իրականացնում է ԱՄՆ Պետդեպը: Իհարկե, ԱՄՆ Անվտանգության խորհուրդը, որը ղեկավարում է ԱՄՆ նախագահի խորհրդականը, չափազանց կարևոր մարմին է, բայց նա ոչ բոլոր երկրների հետ հարաբերություններն է համակարգում: ԱՄՆ Անվտանգության հարցերով խորհրդականն աշխատում է այն երկրների հետ, որոնց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ խնդրահարույց են, ինչպես Իրանն ու Վենեսուելան: Հայ-ամերիկյան հարաբերությունների մասով, չեմ կարծում, որ բացասական կամ դրական զարգացումներ լինեն Բոլթոնի հեռանալով: Տեսնենք, թե ով կլինի անվտանգության հարցերով հաջորդ խորհրդականը, և կհասկանանք, թե ինչպես կարելի է նրա հետ աշխատել:

Ես խորհուրդ եմ տվել ՀՀ վարչապետին իմ հարցազրույցների և գրառումների միջոցով, որպեսզի ուղիղ կերպով աշխատի ԱՄՆ Անվտանգության խորհրդի հետ, այլ ոչ թե ՀՀ ԱԽ-ի միջոցով: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ մեզ շարունակական աշխատանքներ են անհրաժեշտ:

– ԱՄՆ-ը շարունակում է խորացնել Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն կհատկացնի Ադրբեջանին 2018-2019 ֆինանսական տարում, Պենտագոնը 10,082,812 դոլարի օգնություն է տրամադրելու Ադրբեջանին Կասպից ծովի անվտանգության ծրագրի շրջանակում: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե այս համագործակցությունն ինչպես է խախտում ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպե՞ս պետք է ադրբեջանաամերիկյան ռազմական համագործակցությանը հակազդի Հայաստանը: Ի՞նչ անելիք ունի այս հարցում հայկական կողմը:

– Հայկական կողմը չի կարող որևէ կերպ հակազդել, որովհետև ԱՄՆ-ը ունի իր շահերը, իսկ իր շահերն առաջ մղելու հարցում ԱՄՆ-ի վրա ազդեցություն չեն կարող ունենալ երրորդ պետությունները, և ոչ էլ՝ լոբբիստական կառույցները: Այնպես որ, այստեղ մենք առանձնապես բան չունենք անելու: ԱՄՆ-ը Ադրբեջանի հետ հարաբերություններում ունի իր շահերը և իր շահերն առաջ է մղելու ցանկացած ձևով: Միակ բանը, որ մենք կարող ենք անել, հետևյալն է՝ խնդրել ԱՄՆ-ին, որպեսզի գոնե ռազմական օգնության հարցում բալանսավորված մոտեցում ցուցաբերի Հայաստանի նկատմամբ և, եթե օժանդակում է Ադրբեջանին տարբեր ծրագրերով, ապա ՀՀ-ին նույնպես տարբեր ծրագրերով ռազմական օժանդակություն տրամադրի զուտ տարածաշրջանում հավասարակշռությունն ապահովելու նպատակով:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բոլթոնը տարածաշրջան կատարած այցի ընթացքում խոսել էր ամերիկյան սպառազինություն ՀՀ-ին վաճառելու հնարավորության մասին, կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի հետ ևս այդ ոլորտում համագործակցությունը խորացնելու մտադրություն կա:

– Բոլթոնը տարածաշրջանում խոսել էր ամերիկյան զինատեսակների մասին՝ նշելով, որ դրանք ավելի որակյալ են, քան ռուսականը, և առաջարկում էր զինատեսակներ ձեռք բերել ԱՄՆ-ից՝ ՌԴ-ի փոխարեն, բայց նա այդ հայտարարությունից զատ՝ այն կողմ չանցավ, որովհետև ՀՀ Պաշտպանության նախարարն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ որևէ առաջարկ չի ստացել ԱՄՆ Անվտանգության խորհրդի կողմից: Կարծում եմ՝ սա տրամադրությունների շոշափմանը միտված քայլ էր, քան իրական առաջարկ: Բոլթոնը փորձում էր հասկանալ, թե ինչ արձագանքներ կլինեն Երևանում, Բաքվում, նաև Վաշինգտոնում հայ համայնքի, հայկական կազմակերպությունների շրջանում: Այնպես որ, դա հարաբերություններ շոշափող հայտարարություն էր:

Տեսանյութեր

Լրահոս