Բաժիններ՝

«Ուժեղ երկրաշարժ այս պահին չի սպասվում». ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

«Այս պահի դրությամբ երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումներն ավելի թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Միջին ուժգնությամբ և մեծ թվով երկրաշարժերը բնորոշ են Ջավախքի խզվածքային գոտուն: Այնտեղ ամեն օր էլ թույլ երկրաշարժեր լինում են: Ջավախքը մեր սեյսմաակտիվ գոտիներից է»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանը։

«4.8 մագնիտուդով երկրաշարժը չի համարվում ուժեղ։ Միջին ուժգնության երկրաշարժ է, մեկ այլ բան է, որ մեր ժողովուրդը վախենում, անհանգստանում է: Դա բնական է: Բայց բոլորը գիտեն, որ բոլորս (ամբողջ Կովկասը) սեյսմիկ ակտիվությամբ գոտում ենք ապրում: Երկրաշարժերը պետք է լինեն, մենք էլ պետք է պատրաստ լինենք դրանց»,- նշեց Սոս Մարգարյանը։

Մեր հարցին, թե հատկապես Գյումրիում մարդիկ շատ են վախեցել, անգամ տներից են դուրս եկել, արդյո՞ք աշխատանքներ տարվել են նրանց հետ՝ հնարավոր երկրաշարժի դեպքում ինչպե՞ս պետք է վարվեն, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց, որ տարվել և տարվում են, ուղղակի ով ուզում ՝ սովորում է, ով չէ՝  ապա չի սովորում:

«Եթե իրանք հետևեն նրան, ինչ սովորել, լսել են, լավ կլինի, թե չէ՝ զանգում ու հարցնում են՝ էլի՞ է լինելու: Ժողովո՛ւրդ, դա բարդ խնդիր է:

Մենք հիմա մոնիտորինգ ենք անում, անոմալիաներ չունենք, ենթադրություն էլ արել ենք, որ ուժեղ երկրաշարժ այս պահին չի սպասվում, չի նախապատրաստվում: Նախապես ոչինչ չի երևում, պարզապես պետք է վերլուծես ու հասկանաս»,- եզրափակեց Սոս Մարգարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չեն եղել:

Երկրաշարժին հետևել է 1.8-ից մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս