Ո՞վ է մոլորեցնող տվյալներ հաղորդել. վարչապե՞տը, թե՞ մենք

Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել է «168 Ժամ» թերթի սեպտեմբերի 3-ի համարում տպագրված «Բնակարանային շուկան ակտիվացե՞լ է, թե՞ պասիվացել» հոդածին` այն վերնագրելով՝ «Անշարժ գույքի շուկայի դինամիկան. Մոլորեցնող տվյալներ վարչապետի և «168 Ժամի» կողմից»։ Միայն տեսնեք, թե ինչի մեջ է մեզ մեղադրել «Փաստերի ստուգման հարթակը»։

Բայց մինչ այդ մի նկատառում. թե որքանո՞վ են վարչապետի տվյալները մոլորեցնող, մեր խնդիրը չէ։ Ինչ մնում է «168 Ժամին», ապա ի սկզբանե ասենք, որ հոդվածում բերված տվյալները բացառապես պաշտոնական են։ Ու դա հաստատում է նաև «Փաստերի ստուգման հարթակը»։

Ահա մի հատված վերջինիս անդրադարձից. «Թերթի վերլուծության մեջ ասվում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է անշարժ գույքի գործարքների ավե­լացման մասին, բնակարանային շու­կայում հակառակ գործընթացն է տե­ղի ունենում, գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են: Անշարժ գույքի կադաստրի կոմի­տեն այս տարվա հուլիսին Հայաս­տանում արձանագրել է բազմաբնակելի շենքի 1477 բնակարանի վա­ճառք: Այն դեպքում, երբ անցած տարվա հուլիսին վաճառվել էր 1599 բնակարան։ Դե հիմա դուք ասեք, բնակարանների վաճառքն ավելացե՞լ է, թե՞ պա­կասել»

Հիմա «Փաստերի ստուգման հարթակի» բացահայտումը. «Իսկապես, այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ բազմաբնակելի շենքերի բնակարանների գործարքները նվազել են 7,6%-ով կամ 122-ով։ Այս առումով, իսկապես, վարչապետ Փաշինյանն ակնհայտ նկատելի նվազման մասին լռում է՝ անշարժ գույքի ոլորտում հուլիս ամսվա տվյալները ներկայացնելով ոչ ամբողջական ու չներառելով բացասական միտումները։ Սակայն «168 Ժամ» թերթի վերլուծությունը ևս իրականության վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ պատկերացում չի տալիս»:

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել ու պարզել է, թե որո՞նք են «168»-ի հրապարակման մանիպուլյատիվ և հանրությանն ապակողմնորոշող պնդումները։

Խնդիրը, պարզվում է, հոդվածի ենթավերնագրի մեջ է՝ «Անցած տարի վաճառվել է՝ 6444, այս տարի՝ 5997 բնակարան»։ «Փաստերի ստուգման հարթակի» տրամաբանությամբ այն մանիպուլյացիա է պարունակում, «քանի որ նշյալ թվերն իրականում վերաբերում են ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում ոչ թե հանրապետությունում, այլ միայն մայրաքաղաք Երևանում վաճառված բնակարաններին»։

Այդպես էլ կա։ Հոդվածի բուն նյութը Երևանի բնակարանային շուկայի միտումներն են և, բնականաբար, թվերն էլ վերաբերում են այդ շուկային։ Ու շատ տարօրինակ կլիներ, եթե ենթավերնագրում բերվեին՝ հանրապետության, իսկ վերլուծության մեջ՝ Երևանի բնակարանային շուկայի տվյալները։

«168 Ժամի» խմբագրություն

Տեսանյութեր

Լրահոս