«Եթե «Սասնա ծռերն» իրենց ահաբեկչական մեթոդներով են ուզում արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա դա հչեցված սպառնալիք է պետական հեղաշրջում կատարելու մասին». Սերգեյ Շաքարյանց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը լայնորեն քննարկվեց քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներում՝արժանանալով իրարամերժ գնահատականների:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը թեև չգիտի, թե ինչ է կոնկրետ քննարկվել «Սասնա ծռեր»-Նիկոլ Փաշինյան հանդիպման ժամանակ, այդուհանդերձ, չի ընդունում նման հանդիպումները. պատճառների մասին նա մանրամասնեց 168.am-ի հետ զրույցում.

«Ես, ընդհանրապես, կտրականապես դեմ եմ, որ նման խմբակների հետ իշխանությունները հանդիպումներ ունենան: Այնուամենայնիվ,  այդ խմբակի անդամներից ինչ-որ մեկը սպանել է Արցախի ազատագրական պատերազմի  մասնակցի, սպանել է Ապրիլյան պատերազմի մասնակցի, ու ոչ ոք չի ուզում կոնկրետ մարդասպանին կանչել  պատասխանատվության, այնինչ դա մաքուր ահաբեկչական ակտ էր մարդու դեմ, որը, ըստ օրենքի՝ իրավունք ուներ և՛ զենք կրել, և՛ զենք օգտագործել՝ պահպանելու հասարակական կարգը, բայց  մարդասպանները ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Այդ պատճառով  արդեն՝ նման կարգի հանդիպումներն աններելի են և անընդունելի՝ ինչով չի ղեկավարվել, տվյալ դեպքում, վարչապետ Փաշինյանը: Նման կարգի իրադարձությունները ցանկացած նորմալ մարդու մոտ թողնում են նստվածք»:

Մեր խնդրանքով անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հարցազրույցում արտահերթ ընտրությունների  մասին Ժիրայր Սէֆիլյանի կողմից արված ակնարկներին՝ քաղաքագետը նշեց, որ այս իրավիճակում Սահմանադրությունը չի ենթադրում արտահերթ ընտրություններ.

«Միայն մի տարբերակ կա՝ այն, ինչ արվել է 2018 թվականին. գալիս են մի խումբ մարդիկ, հայտարարում են, որ ևս իրավիճակ է փոխվել, ու պարտադրում են հասարակությանը, երկիրը՝ գնալ արտահերթ ընտրությունների, կամ՝ կա երկրորդ տարբերակը, որը շատ ավելի սահմանադրական է՝ իշխող ուժերը հրաժարական են տալիս և  անցկացվում են արտահերթ ընտրություններ, ու ձևավորվում է նոր կառավարություն:

Ամեն դեպքում, այսօր  առայժմ ոչ ոք չի ասել, որ ներքաղաքական իրավիճակը  կտրուկ փոխվել է:  Եթե «Սասնա ծռերն» իրենց ահաբեկչական մեթոդներով են ուզում արտահերթ ընտրություններ անցկացնել, մենք հասկանում ենք, որ դա հնչեցված սպառնալիք է պետական հեղաշրջում կատարելու մասին՝ ինչը որ սպասելի է նրանց դեպքում»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30