«Շատ ցավալի է, որ «Սասնա ծռերի» կատարած գործողությունները գնահատվում են՝ որպես հակապետական, հակաազգային»
Սա ուղղակի հերթական հանդիպում էր: Այսպես է որակում Նիկոլ Փաշինյան- «Սասնա ծռեր» հանդիպումն ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Այն պնդումն էլ, թե «Սասնա ծռերն» ահաբեկիչներ են, ինքը չի ընդունում:
«Ինձ համար շատ ցավալի է, որ «Սասնա ծռերի» կատարած գործողությունները գնահատվում են՝ որպես հակապետական, հակաազգային: Իհարկե, անօրինական էր, բայց դա այն տարիների Հայաստանում այնքան հասունացած խնդիր էր, այնպիսի անհուսության մեջ էր հասարակությունը կողոպտող, թալանչի և հակապետական իշխանության ձեռքին, որ ակնհայտորեն դա ապստամբություն էր:
Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա սա ուղղակի հերթական հանդիպում էր, հատուկ քաղաքական նպատակ ես չեմ տեսնում այդտեղ: Եթե «Սասնա ծռերը» հանդիպումից հետո պնդել են, որ արտահերթ ընտրություններն իրենց համար օրվա հրամայական են, ապա դա նշանակում է, որ իրենք այնտեղ օժանդակություն չեն գտել»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



