«Թեժ աշնանն» ընդառաջ

Յուրաքանչյուր հասարակության մոտ, անկախ քաղաքական համակարգից, հաճախ ենք հանդիպում, երբ քաղաքական գործընթացները կապվում են սեզոնային զարգացումների հետ․ ու «սեզոնային» մեկնաբանություններ ստանում։ Որպես կանոն՝ ամառային սեզոնին քաղաքական գործընթացները մի տեսակ «արձակուրդային» ռեժիմով են ընթանում, ասես յուրահատուկ «թայմ աութի» մեջ լինեն։

Դա բնորոշ է նաև ձմռանը, քանի որ մարդն իր տեսակով որոշ չափով նման է արջի՝ սիրում է ձմեռները երկար քնել, ուտել ու պառկել։ Ահա հենց այս հանգամանքները հաշվի առնելով է, որ քաղաքական գործընթացների համար «մոդայիկ» են գարունը և աշունը, ուստի պատահական չէ, որ պարբերաբար հանդիպում ենք «թեժ գարուն» կամ «թեժ աշուն» ձևակերպումներին (ընդհանրապես հեղափոխություններն ու քաղաքական բուռն գործընթացները տեղի են ունենում հենց այդ ժամանակահատվածներում)։

Հայրենի քաղաքական դաշտը նույնպես բացառություն չէ, և տևական ժամանակ է՝ ինչ քաղաքական գործիչները, անկախ քաղաքական և կուսակցական պատկանելությունից, խոսում են ՀՀ-ում սպասվող քաղաքական «թեժ աշնան» մասին։

Ժանրի կանոնների համաձայն՝ այս հայտարարությունները ականջահաճո չեն իշխանություններին, քանի որ հերթական անգամ հենց իրենք են դառնալու հերթական քննադատության ալիքի թիրախում, և հենց դրանով պայմանավորված՝ պետության ղեկավարն ու իշխանական թիմը փորձում են հնարավոր առիթի դեպքում «պայթեցնել» քաղաքական գործընթացների, իրենց բնորշմամբ, «արհեստական օրակարգերով և մանիպուլյացիոն ժանրին համապատասխանող» թեժ աշնան միֆը։

Այս կոնտեքստում մի քանի դիտարկմամբ անդրադառնանք նախօրեին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվականի հերթական խմբագրականին, որը, ըստ օդում կախված լուրերի, վերջին շրջանում գրում է անձամբ Փաշինյանը (մի անգամ արդեն նշել ենք, որ նա այդ մեթոդը կիրառում է՝ հաշվի առնելով Ստալինի փորձը, երբ «Պրավդայի» առաջին էջում իր ուղերձներն էր հղում հանրությանը՝ «խմբագրության կողմից» (от редакций) ներկայանալով)։

Այն, որ Փաշինյանի համար թիվ մեկ թիրախը ՀՀԿ-ն է, դա հայտնի էր դեռ նրա՝ ընդդիմություն եղած ժամանակ, բայց որ ներկայումս է նման էնտուզիազմով անընդհատ խոսում ՀՀԿ-ականների ու նրանց գործած «քաղաքական մեղքերի» մասին, ընդամենը զավեշտալի է։ Խմբագրականում նշվում է, որ իշխանությունների դեմ ուղղված քննադատությունը և երկրում առկա խնդիրներն արհեստական են ու ուռճացված, իսկ առաջ քաշած օրակարգերը կեղծ։ Շատ կարճ՝ առկա խնդիրների շղթայից։

Փաստ է, որ իշխանության ներսում, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցությունում, խնդիր կա, դրա մասին են վկայում գրեթե ամենօրյա ռեժիմով խմբակցության փակ նիստերը, որոնց  հաճախ մասնակցում է նաև Փաշինյանը, «իմքայլական» պատգամավորի մանդատից հրաժարվելու փաստը, առողջապահության նախարարի դեմ ուղղված որոշ պատգամավորների բացահայտ դեմարշը, և այլն։

Ամուլսարի հանքի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ռիսկերի ու անդառնալի հետևանքների մասին այնքան հրապարակումներ ու վերլուծություններ են արվել, որոնք մարդկանց մոտ արդեն «պերեդոզ» են առաջացրել։ Փաշինյանի իշխանության համար հաջորդ ականն առաջիկայում սպասվող գազի թանկացումն է, որն այդպես էլ մնաց օդում կախված, և ակնհայտ է, որ կարգավորման ու հստակեցման կարիք է զգում։

Մյուս կողմից՝ հակառուսական այս բացահայտ զարգացումներն ու հնչող հայտարարությունները հերթական անգամ խոսում են իշխանությունների ապիկար քաղաքականության մասին։ Երբ իշխանությունը խոսում է «ԵԱՏՄ մտնելու մեկ գիշերում կայացրած» որոշման մասին, արդյո՞ք հասկանալով է անում այդ հայտարարությունը, թե՞ ուղղակի հերթական անգամ գործ ունենք պոպուլիզմի հետ։ Ակնհայտ է, որ այն երկրները, որոնք դեմ գնացին ԵԱՏՄ դաշինքին, երկրի ներսում ունեցան լուրջ խնդիրներ՝ ընդհուպ տարածքային։

Ինչ վերաբերում է նախկինների ձերբակալության փաստին, ապա այնպես չի, որ նման դեպքեր չկան, ու դրանք անցնում են մեկ տասնյակը, բայց ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ձերբակալությանը, ինչին հոդվածում անդրադառնում է Փաշինյանը, հերթական անգամ յուրահատուկ թեստ անցկացնելով, դա ինքնախաբեություն է, ավելի կոնկրետ՝ «վերջին փամփուշտ»։

Նիկոլը փայլուն գիտակցում է, որ Սերժին ձերբակալելով՝ կորցնում է ամեն ինչ, և առաջին հերթին՝ երկրի ղեկը, քանի որ շատ արագ գահավիժող երկիրը, ձորն ընկնող մեքենայի նման, դառնալու է բառացիորեն անկառավարելի։ Երրորդ նախագահին ձերբակալելով՝ Փաշինյանը հանձնում է իշխանությունը, և նա դա գիտի բոլորից լավ, բայց շարունակում է ինչ-ինչ մանյովրներ անել այդ առիթով։ Ու տվյալ պահին ընդհանրապես էական չի, որ իշխանության կգա ՀՀԿ-ն կամ այլ ուժ, էականն այն է, որ Փաշինյանը զգում է այդ վտանգը մի քանի կիլոմետրից։ Փաշինյանի այս «խուսափողական» տակտիկան լրիվ հասկանալի է, քանի որ սա յուրահատուկ PR ժեստ է, երբ դու ինքդ ես բարձրաձայնում առկա խնդիրների մասին՝ ասելով. «հա դե, պարզ ա, այս, այս, հարցերում կան թերություններ, ո՞վ չգիտի, կամ ո՞վ է ասում, որ իդեալական է ամեն ինչ»։ Նման քայլով Փաշինյանն ինքն է խոսում առկա խնդիրների մասին՝ հնարամտորեն հիշեցնելով, թե իրականում «ում օրոք են դրանք առաջացել»։ Փաշինյանը, մեկուկես տարի է, աշխատում է իր կողմից մշակված ոսկյա մի բանաձևով․ նա ժողովրդի մոտ կարողանում է ատելություն սերմանել դեպի հարուստները, իսկ դա բոլոր ժամանակներում կիրառված ամենաաշխատող տարբերակն է։ Նա հրապարակավ հայտարարում է, որ «սրանք 20 տարի կերան պետությունը», «ծախեցին հնարավոր ամեն ինչ», «10 հազարանոց «Զիլի» ու «Զեյնա» են հագնում», և այս շարքը կարող ենք շարունակել։ Արդեն սա վերածվում է պրիմիտիվության կլասիկ օրինակի, երբ ամեն մի ձախողման համար վեկտորներն ուղղվում են նախկին իշխանությունների կողմը։ «Սաղ Սերժն ա մեղավոր» տակտիկան, որը իշխանությունները հմտորեն լցնում են հանրության ուղեղը, արդեն ակտուալ չէ, կարելի է խորհուրդ տալ Փաշինյանի խորհրդատուներին, որպեսզի շեֆի համար նոր տակտիկա մտածեն, սա արդեն չի աշխատում և կորցրել է ժամկետայնությունը։

Ասվածից կարելի է փաստել հետևյալը․ իրականում Փաշինյանը վախենում է քաղաքական լուրջ գործընթացների սկսվելուց, քանի որ հասկանում է, որ համակարգում իրոք առկա են լրջագույն բացեր, նա վախենում է, որ լուրջ գործընթացների ընթացքում չկարողանա պահել պետական համակարգը, և այն սկսի ճաքեր տալ հենց ներսից, ինչը նրա իշխանության համար կլինի վերջնական կործանում։ Ահա այս ամենը հաշվի առնելով՝ նա վախենում է և փորձում է սարկազմի և հեգնանքի միջոցով տարբեր առիթներով ծաղրել, թե «ընդդիմությունը 20 մարդ է հավաքում» կամ «բոլորը գումարի դիմաց ցույցի գնացողներ» են ձևակերպումները։ Իջևանյան փոքրիկ միջադեպը ցույց տվեց, որ ցանկացած ոտնձգություն, որը հաճելի չի լինի իշխանության, ավելի կոնկրետ՝ Նիկոլի քիմքին, կունենա պետության կողմից ուժային միջամտություն։

Այս դրվագում ֆիքսենք ևս մի առանցքային դետալ․ նախօրեին «Սասնա ծռերի» հետ հանդիպելով՝ Նիկոլ Փաշինյանն իր համար մի քաղաքական կարևոր «ստրախովկա» է անում՝ ապահովելով թիկունքը, և ինչպես մամուլում էր շրջանառվում՝ «Սասնա ծռերին» ակտիվացնելով՝ նա մի կողմից՝ նպատակ ունի իր իշխանությանը սպառնացող քաղաքական խմբերի դեմ նոր դիմակայության օջախ ստեղծել, մյուս կողմից՝ «Ծռերը» մի յուրատեսակ «քաղաքական մուրճի» դեր են կատարելու նաև ներիշխանական լարվածության օջախները կոշտ հակազդեցության հասցնելու առումով:

Փաստացի ստեղծվել է մի վիճակ, երբ նախկինները չեն վախենում ներկա իշխանություններից, իսկ Փաշինյանը, անգամ թեթև ակնարկի դեպքում, ջղաձգումների մեջ է ընկնում կամ, ինչպես ժողովրդական հայտնի խոսքն է ասում՝ «արջն իր ահից է գոռում»։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս