
ՌԴ-ն և Ուկրաինան պահվող անձանց փոխանակում են կատարել՝ «35-ը՝ 35-ի դիմաց» ձևաչափով

Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան իրենց երկրներում պահվող անձանց փոխանակում են կատարել «35-ը՝ 35-ի դիմաց» ձևաչափով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Փոխանակումը կատարվել է: Մենք ողջունում ենք, և ուրախ ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները վերադարձել են տուն»,- ասել է նա:
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստան է վերադարձել նաև «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա»-ի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին:
Փոխանակված քաղաքացիներով երկու ինքնաթիռները գրեթե միաժամանակ վայրէջք են կատարել Մոսկվայի և Կիևի օդանավակայաններում:
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան նշել է, որ փոխանակումը կատարվել է «35-ը՝ 35»-ի դիմաց ձևաչափով: