60 տարի միասին ապրող ամուսինները բացահայտել են երջանիկ ամուսնության գաղտնիքը
Մեծ Բրիտանիայի Հյուսիսարեւելյան Լինքոլնշիրից ամուսնական զույգը տոնել է հարսանիքի 60-րդ տարեդարձը եւ բացահայտել երջանիկ ամուսնության գաղտնիքը: Այդ մասին հայտնել է The Mirror հրատարակությունը:
Բեռնի եւ Ջուն Սփոլները ծանոթացել են պարերեկույթի ժամանակ 1958 թվականի հոկտեմբերին: 20-ամյա բրիտանուհին սկավառակներ էր ընտրում, երբ 21-ամյա Բեռնին մոտեցել է նրան եւ առաջարկել օգնել: «Հենց որ ես նրան տեսա, գիտեի, որ նրան հետ եմ ամուսնանալու: Ինձ գրավեց նրա սիրալիր վերաբերմունքը իմ նկատմամբ եւ հումորի զգացումը, որոնք նա պահպանել է մինչ օրս»,-հիշումէ Ջունը: Այդ երեկույթին բրիտանացին Ջունին պարել է սովորեցրել, եւ նրանք «վալսել են ամբողջ գիշեր»:
Ընդամենը չորս օր անց Բեռնին աղջկան առաջարկություն է արել: Սակայն նրանք կարողացել են հարսանիքն անել միայն օգոստոսին, քանի որ Ջունի հայրը նրան թույլ չէր տալիս ամուսնանալ մինչեւ 21 տարին լրանալը: Բեռնին խոստովանել է, որ սիրահարվածության պատճառով զրկվել է աշխատանքից եւ հրաժարվել բազմաթիվ պլաններից: Երբ նրանք ծանոթացել են, բրիտանացին նոր էր վերադարձել բանակից եւ պլանավորում էր մոտ ժամանակներս իր եղբայրների հետ տեղափոխվել Ավստրալիա կամ Նոր Զելանդիա:
Նա նաեւ մեկշաբաթյա արձակուրդ է խնդրել այն ֆաբրիկայում, որտեղ նոր էր աշխատանքի տեղավորվել, որպեսզի ժամանակն անցկացնի Ջունի հետ: Նրան հեռացրել են, բայց Բեռնին խոստովանել է, որ դա իրեն չի անհանգստացրել. «մենք միասին էինք, եւ միայն դա էր կարեւորը»: Տարեց բրիտանացիներն այսօր էլ են հաճախում պարի դասերի, բոուլինգի եւ ֆիթնեսի: Իրենց երկարատեւ հարաբերությունների գաղտնիքը Բեռնին համարում է երկու սիրող մարդկանց բնավորությունների տարբերությունները ընդունելու եւ հարգելու կարողությունը: Իսկ Ջունն այն կարծիքին է, որ որոշիչը սերն է: