«Այստեղ բանավիճելու հարց չկա, ամեն ինչ շատ պարզ ու հստակ է». Արամ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման մասին

Ըստ օրենսդրական սահմանված կարգի՝ ՍԴ որոշումը պետք է ամբողջությամբ հրապարակվի երեք օր անց։ Երեք օրն է սահմանված կարգը, որով հրապարակվում է որոշումը և փոխանցվում է կողմերին, այս ամենը տեղի է ունենում միաժամանակ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը և ամբողջական որոշման հրապարակման ժամկետներին։

Հարցին՝ սա նշանակում է, որ որոշումը պետք է ամբողջությամբ հրապարակվի այսօ՞ր, Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ հաշվարկի հարց է, քանի որ կան մասնագետներ, որոնք այլ կերպ են հաշվարկում և նշում, որ այսօր է լրանում եռօրյա ժամկետի ավարտը։

«Բացի այդ, առջևում շաբաթ-կիրակի է, և, որպես կանոն, դատարանները, նաև հենց Սահմանադրական դատարանի պրակտիկան էլ գրեթե 8-9 տարի, մշտապես այդ օրերին նախորդող ժամանակահատվածում է հրապարակում որոշումը։ Որպեսզի այդ օրերը չվնասեն կողմերին, այլ կերպ ասած, ուշացում տեղի չունենա, պետք է սպասենք»,- ասաց նա։

Անդրադառնալով տարածված խոսակցություններին, որ ՍԴ որոշումը դեռևս չի նշանակում, որ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվելու է, Արամ Վարդևանյանը նկատեց՝ նման կարծիք ունեցողներին պետք է հարցնել, թե ի՞նչ է նշանակում Սահմանադրության 27-րդ հոդվածի, այլ կերպ ասած՝ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու ազատության իրավունքը։

«Այստեղ բանավիճելու հարց չկա, ամեն ինչ շատ պարզ ու հստակ է»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3-ին և 4-ին՝ երկու օր,   քննեց  Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով Սահմանադրության համապատասխանելիության հարցը, որից հետո 3-օրյա ժամկետում պետք է որոշումն ամբողջությամբ տրամադրի Քոչարյանի փաստաբանական խմբին։

Որոշմանն ամբողջությամբ ծանոթանալուց հետո միայն պարզ կդառնա՝ կդադարեցվի՞ նրա նկատմամբ քրեական հետապնդումը, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է խափանման միջոց կալանավորմանը, ապա Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ խախտվել է Քոչարյանի անձնական ազատության իրավունքը, ուստի ՍԴ որոշումը ենթադրում է, որ պետք է այն փոխվի։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս