Բաժիններ՝

Ֆուտբոլի ընտրանին Երևանում զիջեց Իտալիային. 1:3

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման հերթական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալել էր Իտալիային (1:3):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 10 րոպեներին Հայաստանի ընտրանին կարծես տիրել էր նախաձեռնությանը: Եվ արագ գոլը երկար սպասեցնել չտվեց: Խաղի 11-րդ րոպեին Հայաստանի ընտրանուն առաջ մղեց թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Բաց թողած գոլից հետո Իտալիան ամբողջ թիմով նետվեց գրոհի և տիրեց խաղային իրավիճակին: Խաղի 25-րդ րոպեին կրքերը բորբոքվեցին և երկու թիմերը ֆուտբոլիստների բախվեցին: Իտալիայի հավաքականի կազմում դեղին քարտ ստացավ Վերատին, իսկ Հայաստանից՝ Ղազարյանը և Կարապետյանը:

Հանդիպմանը 27-րդ րոպեին Իտալիայի ընտրանին վերականգնեց հաշվի հավասարությունը: Աչքի ընկավ Անդրեա Բելոտին: Իսկ խաղակեսի վերջում Հայաստանի ընտրանին մնաց 10 ֆուտբոլիստով՝ երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Ալեքսանդր Կարապետյանը:

Երկրորդ կեսում մեկնարկում վիճակագրությունը խոսում էր Իտալիայի թիմի օգտին, սակայն Գյուլբուդաղյանցի սաները շեշտը դրել էին արագ հակագրոհների վրա:

Իտալիան ունեցած առավելությունը գոլի վերածեց 77-րդ րոպեին՝ գոլն իր ակտիվում գրանցեց Լորենցո Պելեգրինին: Րոպեներ անց՝ 80-րդ րոպեին, հյուրերը խփեցին նաև երրորդ գոլը՝ դուբլի հեղինակ դարձավ Բելոտին:

Ի վերջո Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ հյուրընկալելով Իտալիային պարտվեց 1:3 հաշվով:

Հանդիպմանը մարզադաշտից հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Հայաստանին Եվրո-2020-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 7-ին՝ Երևանում հյուրընկալելով Բոսնիա և Հերցեգովինային: Այդ խաղը կմեկնարկի 17:00-ին:

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս