Արսեն Թորոսյանի փոխարեն՝ հարցերին պատասխանում է նախարարության գլխավոր քարտուղարի տեղակա՞լը

Ուռուցքաբան, ՀՀ Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը պարբերաբար իր հարցազրույցներում անդրադառնում է Առողջապահության նախարարության գործունեությանը և նախարար Արսեն Թորոսյանի աշխատաոճին:

168.am-ը հղում անելով Գ. Թամամյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած հայտարարություններին՝ մի քանի գրավոր հարցեր էր հղել նախարար Արսեն Թորոսյանին, սակայն, որքան էլ տարօրինակ է՝ պատասխանները ստացանք ոչ թե նախարարից, այլ՝ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի անունից:

Ուռուցքաբանության գծով ՀՀ ԱՆ նախկին խորհրդատու, ուռուցքաբան  Գևորգ Թամամյանը հարցազրույցներից մեկում նշում է, որ բազմաթիվ օրինագծեր են ընդունվել, բայց դրանց շուրջ երբևէ խորհրդատվություն չի արվել: Այդ դեպքում՝ ինչի՞ համար է նախարարության խորհրդատվության ինստիտուտը, այն էլ՝ թվով 47 խորհրդատու ունենալու դեպքում:

– Առողջապահության նախարարության խորհրդատուների ինստիտուտն ուղղված է ոլորտի քաղաքականության, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի մշակումը, մասնագիտական մասնակցությունն ապահովելուն: Խորհրդատուների մասնակցությունն ապահովվում է՝ ինչպես աշխատանքային խմբերում և խորհուրդներում, այնպես էլ՝ ներքին փաստաթղթային շրջանառությամբ և դրանց մասին մասնագիտական կարծիք հավաքելով: Խորհրդատուներից յուրաքանչյուրը փաստաթղթերի մշակման փուլում իր նախաձեռնությամբ կարող է իր կարծիքն արտահայտել, նույնիսկ նախաձեռնել լայնածավալ քննարկումներ:

Կարդացեք նաև

Ընդունված օրինագծերից ու որոշումներից մի քանիսը, ըստ Գևորգ Թամամյանի, չունեն ինչոր կոնկրետ հիմք ու հիմնականում ականջահաճո, գովազդային բնույթ են կրում: Մասնավորապես՝ անդրադառնալով «Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից կլինի անվճար բոլորի համար» հայտարարությանը՝ նա նշել է, որ այն ունի լուրջ ռիսկեր, և հնարավոր է վիրաբույժների արտահոսք պետական սեկտորից՝ մասնավոր:

– Չարորակ հիվանդությունների բուժումը պետության կողմից երաշխավորելը բխում է բնակչության առողջության շահերից, և արդեն իսկ այս ծրագրով կատարվել է 2301 վիրահատություն:

Ուռուցքաբանի խոսքով՝ հայտարարությունը, թե 50 միլիոն դրամով փակում են մանկական քաղցկեղի բուժումը Հայաստանում՝ տարեկան 100 հիվանդի բուժում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ գումարը 1 երեխայի բուժումը կարող է արժենալ: Գ. Թամամյանին հետաքրքրում էր նաև, որ, եթե դիագնոստիկան ու դեղորայքի տրամադրումը նախարարությունն է իրականացնում, ապա այդ դեպքում ի՞նչ գործունեություն են ծավալում հիմնադրամները: Ի՞նչ կասեք այս դիտարկումների մասին:

– Մանկական քաղցկեղի բուժման ծախսերը (առանց քիմիաթերապևտիկ դեղամիջոցների ծախսի) նախկինում ամեն կուրսի համար կազմել է 120 հազար դրամ, և այդ գումարը չի բավարարել պացիենտի հիվանդանոցային խնամքի, հիվանդասենյակի և ոչ քիմիաթերապևտիկ դեղորայքի համար:

2019 թվականից այդ գումարը կրկնապատկվել է` դառնալով 250 հազար դրամ` ամեն կուրսի համար: Նշված գների բարձրացումն ապահովելու համար պահանջվել է մոտ 50 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է հիմնադրամներին, ապա դրանք առկա են նույնիսկ զարգացած երկրներում և կիսում են պետության հոգսը` հաշվի առնելով պետական բյուջեի սահմանափակումները:

Գ. Թամամյանը պնդում է, որ կադրային քաղաքականությունը մեծամասամբ արվում է սուբյեկտիվ մոտեցմամբ՝ ըստ ֆեյսբուքյան լայքերի կամ գովեստմեկնաբանությունների՝ առանց հաշվի առնելու ոլորտի մասնագետների դերակատարումը: Ինչպե՞ս կգնահատեք նման հայտարարությունը:

– Նշված մեղադրանքն անհիմն է:

Զարուհի Դիլանյան

Հ.Գ. Նշենք, որ հարցադրումներն Առողջապահության նախարարությանն ուղարկվել է նախքան Արսեն Թորոսյանի սկանդալային տապալված ասուլիսը:

Տեսանյութեր

Լրահոս